Կաթնբեկ. ՀՀ Բույսեր
Կաթնբեկ կամ իշամառոլ (լատ.՝ Sonchus), բարդածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ։
Տարածում
Տարածված է ստորին և միջին լեռն, գոտիներում։ Աճում է բացատներում, այգիներում, բանջարանոցներում, աղի ճահճուտներում, թփուտներում, որոշ տեսակներ դաշտային չարորակ մոլախոտեր են։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը ՝ 40-150 (200) սմ։ Տերևները երկար են, նստադիր, գոգավոր-բլթակավոր կամ քնարաձև։ Ծաղկազամբյուղները վահանաձև, հուրանանման ծաղկաբույլերով են, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը սերմնապտուղ է, փուփուլավոր սերմիկ։ Մեղրատու է և կերաբույս։ Միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, երբեմն՝ կիսաթփեր, սովորաբար կաթնահյութով։
Տեսակներ
Հայտնի է մոտ 80[1] (Եվրասիայում և Աֆրիկայում), ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ կաթնբեկ խորդուբորդ (Sonchus asper), կաթնբեկ ճահճային (Sonchus palustris), կաթնբեկ դաշտային (Sonchus arvensis) և այլն։ Կան նաև ՀՀ բնաշխարհիկներ՝ կաթնբեկ արարատյան (Sonchus araraticus) և կաթնբեկ Սոսնովսկու (Sonchus sosnow- skyi)։ Ամենավնասակարը դաշտային կամ դեղին կաթնբեկն է (Sonchus arvensis)։ Բազմամյա բույս է, աղբոտում է հացահատիկային, շարքացան կուլտուրաների ցանքսերը։ Աճում է բանջարանոցներում, ճանապարհների եզրերին, խամ հողերում և այլուր։ Տարածված է Արարատյան դաշտում, նախալեռնային շրջաններում։