Հազարատերևուկ. ՀՀ Բույսեր

Հազարատերևուկ (լատ.՝ Achillea), բյուրատերևուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Տերևները փետրաձև կտրտված կամ ամբողջական են, ծաղիկները՝ սպիտակ, դեղին կամ կարմրավուն՝ խմբված վահանիկաձև ծաղկաբույլերում։

ՀՀ-ում

ՀՀ-ում հանդիպում է 9 տեսակ. նեղատերև, սեպատերև, ասպիրականման, սովորական, մանրածաղիկ, Բիբերշտեյնի, Վիլհելմի, խոզանավոր, դեղնավուն։ Աճում են բոլոր բարձունքային գոտիներում, առավել հաճախ՝ կիսաանապատներում, տափաստաններում, անտառներում, հացահատիկային ցանքերում։

Կենսաբանական նկարագիր

Ցողունն ուղիղ է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 15-100 սմ։ Տերևները հերթադիր են, փետրաձև բաժանված կամ կտրտված։ Ծաղկաբույլը զամբյուղ է, արտաքին ծաղիկները՝ լեզվակավոր, սպիտակ, դեղին, վարդագույն կամ կարմրավուն, իգական, կենտրոնականները՝ խողովակաձև, դեղին, երկսեռ։ Ծաղկում է հունիս-հոկտեմբերին։ Պտուղը երկարավուն, թույլ եռակող կամ տափակ սերմիկ է։

Տարածում

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է թփուտներում, մարգագետիններում, խոտհարքներում, արոտավայրերում, գետահովիտներում, քարքարոտ լանջերին, աղբոտում ցանքերը։

Նշանակություն և կիրառում

Տեսակների մեծ մասը դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, աղաղանյութեր, սապոնիններ, ալկալոիդներ, խեժ, վիտամիններ, թթուներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող, ախորժաբեր միջոց։ Մեղրատու է և գեղազարդիչ։

Ավելի կիրառելի է սովորական կամ հատվածատերև հազարատերևուկը, որի տերևներն ու ծաղկաբույլերը պարունակում են եթերայուղեր, ախիլեին ալկալոիդը։ Հյութը և թուրմը կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ։ Որոշ տեսակներ գեղազարդիչ են։ Նեղատերև հազարատերևուկը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում