Անթեմ. ՀՀ Բույսեր

Անթեմ (լատ.՝ Anthemis), իգաբող, կատուակն, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ ցածրաճ թփերի ցեղ։ Հայտնի է 130 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 9 տեսակ՝ անթեմ շնային (A. cotula), անթեմ ներկատու (A. tinctoria), անթեմ Տրիում ֆետիի (A. triumfettii), անթեմ կրետական (A. cretica) և այլն։

Ձևաբանություն
Ցողունն ուղիղ է կամ վեր բարձրացող, ճյուղավորվող, մերկ կամ թավոտ, բարձրությունը՝ 10-80 սմ։ Տերևները հերթադիր են, փետրաբաժան, հազվադեպ՝ գծաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է։ Եզրային ծաղիկներև իգական են, լեզվակավոր, միաշար, սպիտակ կամ դեղին, կենտրոնականները՝ երկսեռ, խողովակաձև, հնգատամ, դեղին, բուրավետ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հակակոնաձև, բազմակող սերմիկ է։ Որոշ տեսակներ միջատասպան են։

Կիրառական նշանակություն
Գեղազարդիչ է, մեղրատու և ներկատու։

Տարածվածությունը Հայաստանում
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Անթեմ Սոսնովսկուն (A. sosnovskyana) հանդիպում է միայն Գեղարքունիքի մարզի հյուսիսում, անթեմ կովկասյանը (A. caucasica) և անթեմ մուգ կամ երիզավորը (A. melanoloma)՝ միայն Շիրակի մարզի հյուսիս-արևմուտքում, աճում են դաշտերում, մարգագետիններում, քարքարոտ, ավազոտ վայրերում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում