Կռատուկ. ՀՀ Բույսեր
Կռատուկ (լատ.՝ Arctium láppa), կոծոծ, բարդածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ։ Խոշոր տերևներով երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը կանգուն է, ակոսավոր, ճյուղավորվող, բարձրությունը՝ 60 սմ - 2(3) մ) Տերևները խոշոր են, հերթադիր, զոգավոր-ատամևաեզր, վերին մասում՝ կանաչ, ստորինում՝ մոխրագույն թաղիքանման։ Առաջին տարում առաջանում են արմատը և արմատամերձ տերևները, Երկրորդում՝ ծաղիկները։ Ծաղկաբույլը վահանանման կամ ողկուզանման է՝ հավաքված գնդաձև զամբյուղներում, ծաղիկները՝ երկսեռ, խողովակավոր, մուգ կարմիր։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։ Ծաղիկները երկսեռ են, խողովակավոր, հաճախ վառ գույնի, գնդաձև զամբյուղներով հավաքված ընդհանուր ծաղկաբույլում։ Պտուղների հասունացման շրջանում զամբյուղները հեշտությամբ պոկվում են, կպչում կենդանիների բրդին, մարդկանց հագուստներին։
Կռատուկը ՀՀ-ում
Հայտնի է մոտ 10 տեսակ, որից 6-8-ը աճում էին նաև ԽՍՀՄ-ում, մեծ մասամբ՝ բնակավայրերին մոտ, աղբոտ վայրերում, ճամփեզրերին, երբեմն դաշտերում։ ՀՀ-ում տարածված է 4 տեսակ՝
- Կռատուկ մեծ (A. lappa),
- Կռատուկ թաղիքավոր (A. tomentosum),
- Կռատուկ Պալադինի կամ անդրկովկասյան (A. palladinii)
- Կռատուկ փոքր (A. minus)։
Տարածում
Տարածված է Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու, Տավուշի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է թփուտներում, պարապուրդներում, գետերի և լճակների ափերին, ճամփեզրերին, աղբոտ և այլ վայրերում։
Նշանակություն և կիրառում
Դեղաբույս է. պարունակում է ինուլին, օրգանական թթուներ, եթերայուղ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, քրտնաբեր միջոց, արմատների եփուկն ու մածուկը՝ պոդագրայի, ռևմատիզմի, մաշկ, հիվանդությունների ժամանակ։ Երիտասարդ արմատներն ու ընձյուղներն ուտելի եՆ։ Մեղրատու է։