Տատասկափուշ. ՀՀ Բույսեր

Տատասկափուշ (լատ.՝ Carduus), կռափուշ, եկքան, կիծուկ, աշխեն, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տարածված են Եվրոպայում Ասիայում և Հյուսիսային Աֆրիկա։

Անվանում
Ավանդական անվանումը ծագել է լատ.՝ Cárduus - տատասկափուշ, ունի հնագույն լատիներեն ծագում, փշոտ բույսերի են։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը կանգուն է, կոշտ ու փշոտ թևերով, ճյուղավորվող, բարձրանում է՝ 0,3-2 մ։ Տերևները հերթադիր են, փետրաբլթակավոր կամ փետրաբաժան, ատամնաեզր, փշապատ։ Ծաղկաբույլը գնդաձև զամբյուղ է, ծաղիկները՝ խողովակաձև, վարդագույն, կարմիր, սպիտակ։ Ծաղկում է հուլիսին։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։ Որոշ տեսակներ մեղրատու են։

Տեսակներ
Հայտնի է մոտ 120 (այլ տվյալներով՝ 90, 100, 127), ՀՀ-ում՝ 11 տեսակ՝ տատասկափուշ խոնարհված (C. nutans), տատասկափուշ կառանման (C. onopordioides), տատասկափուշ գանգուր (C. crispus), տատասկափուշ կիսամերկ (C. seminudus) և այլն։ Աճում է բոլոր մարզերում։ Չարորակ մոլախոտ է, աղտոտում է մշակովի և անմշակ հողատարածքները, հացաբույսերի, բազմամյա խոտաբույսերի ցանքերը, կարտոֆիլի տնկարկները։ Կան նաև հազվագյուտ տեսակներ, որոնք հանդիպում են միայն Շիրակի և Արագածոտնի մարզերի տափաստաններում՝ տատասկափուշ Նավաշինի (C. nawaschinii), Սյունիքի՝ տատասկափուշ մոխրագույն (C. cinereus), տատասկափուշ սպիտակ (C. albidus), Արագածոտնի՝ տատասկափուշ սեղմված (C. adpressus), մարզերում և այլն։

Տնտեսական արժեք
Տատասկափշի գրեթե բոլոր տեսակները մեղրատու են։ Մի քանիսը դեկորատիվ բույսեր են, բայց միևնույն ժամանակ հանդիասնում է մոլախոտեր։ Սերմերում պարունակում են ճարպաթթուներ։ Բույսը հաճախ կազմում է մացառուտներ, զբաղեցնում մեծ տարածքներ։ Ցողունի բարձրությունը 30-150 սմ է, տերևները նշտարաձև կտրտված են, փշոտ եզրերով, արտաքինից` կանաչասպիտակավուն։ Ծաղկաբույլը զամբյուղ է։

Կիրառում և նշանակություն
Բույսի տերևներում և սերմերում պարունակվում են` սպիտակուցներ, ածխաջրեր, սապոնին, ասկորբինաթթու, ֆլավոններ։ Տերևում կա նաև վիտամին K, խեժանյութ, դաբաղանյութ, տերպենային լակտոն։ Սերմը հարուստ է ներկանյութով, պարունակում է ինուլին։

Բույսի հյութն օգնում է մաշկի վրա առաջացած խոցերի, բերանի եզրերի ճաքերի, բերանի լորձաթաղանթի բորբոքման դեպքում։ Ծաղիկների թուրմն օգտագործում են աչքերին թրջոց դնելու համար։ Կաղշնակը հակացուցված է բարձր ճնշման դեպքում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում