Եղերդակ. ՀՀ Բույսեր
Եղերդակ (լատ.՝ Cichorium), ճարճատուկ, հնդիպե, ճառճռտուկ, կայծխոտ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, մշակության մեջ՝ միամյա և երկամյա խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 60-120 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է։ Ճյուղերը փռված են, ստորին տերևները` փորոքամատնաբաժան, իսկ վերինները` նշտարաձև ու լայն։ Արմատը հաստ է, իլիկաձև։ Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 50-100 սմ։ Ցողունի վերին մասի տերևները նստադիր են, նշտարաձև, ստորին մասինը՝ փետրաբաժան, ատամնաեզր։ Ծաղկազամբյուղները բացվում են առավոտյան, իսկ կեսօրից հետո և վատ եղանակներին փակվում են։ Հողի մեջ մինչև 1,5 մ թափանցող մսալի արմատը անհոտ է, դառը համով։ Բույսը բազմանում է սերմերով։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ երկնագույն կամ բաց կապույտ։ Ծաղկում է մայիսի սկզբից մինչև ուշ աշուն։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։
Տարածում և բնական միջավայր
Բույսի հայրենիքը համարվում է միջերկրածովյան երկրները։ Այս բույսի տարածումը կախված է կլիմայից։ Հանդիպում է Եվրասիայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում և Նոր Զելանդիայում։
Տարածված է Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր մարգագետիններում, ճանապարհների և դաշտերի եզրերին, բնակավայրերի շրջակայքում։
Կիրառում
Արմատները պարունակում են ինուլին (40-61%,այլ տվյալներով` մոտ 49%) ճարպ, արգինին, խոլին, գլիկոզիդներ (ցիկորիին, ինտիբին), եթերայուղ, դաբաղանյութեր, խեժ, ֆրուկտոզ, C, B խմբի վիտամիններ, պեկտին։
Տերևներում հայտնաբերված են ինուլին, C, B խմբի վիտամիններ, կարոտին, եղերդակաթթու, ծաղիկներում` գլիկոզիդ ցիկորիին, կաթնահյութի մեջ` դառը նյութեր (լակտուցին, լակտուկոպիկրին), կաուչուկ (2-3%), սերմերում` ինուլին, պրոտոկատեխինային ալդեհիդ և այլն։ Դեղաբույս է. պարունակում է ինուլին, գլիկոզիդներ, աղաղանյութեր, շաքարներ, թթուներ, վիտամիններ C, B, խեժ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ (լյարդի, լեղապարկի բորբոքումների), միզամուղ (երիկամների հիվանդությունների) միջոց, նաև փորկապության, ստամոքսաբորբի, շաքարախտի և այլ դեպքերում։ Դալար ընձյուղները, ցողուններն ու տերևներն օգտագործում են սննդի մեջ՝ որպես աղցան, արմատները՝ սուրճին փոխարինող միջոց։ Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում` արմատը։ Եղերդակի վերգետնյա մասը մթերում են ամռանը, ծաղկման ընթացքում, չորացնում արևի տակ, մանր կտրատում և պահում տուփերի մեջ, իսկ արմատը հանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մաքրում հողից, կտրատում և իսկույն չորացնում չորանոցում կամ վառարանում։ Պատրաստի հումքը պահում են չոր տեղում, թղթով պաստառված ամանների մեջ։