Խատուտիկ. ՀՀ Բույսեր

Խատուտիկ (լատ.՝ Taraxacum), բարդածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող բույսերի ցեղ։

Հայկական տարանունները՝ ակլատիզ, խմբաբա, խտուտ, խտուտիկ, կռաբանջար, պուպու, քոչի խոտ, մինչև 15 սմ բարձրության բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է։

Ստուգաբանություն
«Տարաքսակում» անունը ունի հունական ծագում, որը նշանակում է հանգստացնող։ «dandelion» նաև նշանակում է առյուծի ատամ (dent of lion) Ըստ Կ. Ա. Տիմիրյազևի, եթե խատուտիկի բոլոր սերմերը աճեին, ապա կարճ ժամանակում կծածկեին ողջ երկրագունդը։

Նկարագիր
Խատուտիկի տերևները բազմաթիվ են, կանաչ, նշտարաձև կամ երկարավուն, ատամնավոր եզրերով։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները լեզվակաձև, վառ դեղին։ Սերմիկները թխավուն են կամ գորշ, բնորոշ սպիտակ փուփուլով, որի օգնությամբ քամու միջոցով սերմերը պարաշյուտի նման թռչում, տարածվում են ամենուր. ծլունակությունը պահպանում 10 - 12 տարի։ Բույսը սկսում է ծաղկել մայիս-հուլիսին, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին։ Աշնանը խատուտիկը նորից է ծաղկում, մոլախոտ է, աճում այգիներում, ցանքերում, խամահողերում, արոտավայրերում, մարգագետիններում և այլուր, հաճախ տալով հոծ բուսուտներ։ Բույսը լավ է աճում չափավոր խոնավ և հարուստ հողերում։

Քիմիական բաղադրությունը
Արմատը պարունակում է տրիտերպենային միացություններ, մինչև 40% ինուլին, մինչև 3% կաուչուկ, ճարպայուղ, որը պարունակում է գլիցերիդներ, դառը գլիկոզիդ տարաքսացին, խեժ, կալիումական և կալցիումական աղեր։ Կաթնահյութը պարունակում է լակտուցերոլ, կաուչուկ, խոլին, ասպարագին, սապոնիններ, օրգանական թթուներ, խեժ, իսկ տերևները ճարպ, պարաքսանթին, կարոտինոիդներ, A , B1, B2, С, РР վիտամիններ, խոլին, թիրոզին, քիմիական տարրերից՝ երկաթ, կալցիում, մանգան, ֆոսֆոր։

Կիրառություն
Մեղրատու է։ Խատուտիկի մեղրի նեկտարը դեղին կամ ոսկեգյուն է, սուր հոտով և կծու համով: Խատուտիկի որոշ տեսակների արմատներում պարունակվում է կաուչուկ։ 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում