Տափոլոռ. ՀՀ Բույսեր

Տափոլոռ, ճպռուկ, (լատ.՝ Lathyrus), բակլագզիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հիմնականում՝ թփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 100 տեսակ։

Հայաստանում
ՀՀ-ում՝ 16-18 տեսակ՝

  • տափոլոռ պալարավոր (Lathyrus tuberosus),
  • տափոլոռ անտառային (Lathyrus sylvestris),
  • տափոլոռ մարգագետնային (Lathyrus pratensis),
  • տափոլոռ Նեղատերև (Lathyrus leptophyllus) և այլն։


Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում և անտառեզրերին, թփուտներում, առվակների ափերին, այգիներում, աղբոտում ցանքերը և այլն։

Կենսաբանական նկարագիր

Ցողունն ուղիղ է կամ ճյուղավորվող, կառչող, բարձրությունը՝ 25-100 սմ։ Տերևները զույգփետրաձև են, բեղիկներով։ Ծաղկաբույլը ողկույզ է (երբեմն ծաղիկները մեկական և այլն՝ տերևանութերում), վարդագույն, բաց մանուշակագույն, կապտամանուշակագույն, դեղնավուն, կարմրավուն և այլն։

Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը մերկ կամ թույլ թավոտ ունդ է։ Սերմերը սեպաձև են, հարթ կամ կնճռոտ, սպիտակ, գորշ, դարչնագույն։

Մշակության մեջ

Միամյա տեսակներից մշակության մեջ տարածված են տափոլոռ ցանովին կամ սովորականը (Lathyrus sativus), տափոլոռ կարմիրը (Lathyrus cicera) և տափոլոռ տան ծերին (Lathyrus tingitanus)։ Սննդային ու կերային հատկանիշներով առավել արժեքավոր է մշակովի տափոլոռ (հայտնի է ճուլպան, մրտուկ, խոբու, խալար անուններով)։ Գարնանացան է, սերմերը ծլում են 2-3 °C ջերմաստիճանի պայմաններում, ծիլերը կարող են դիմանալ -11 °C-ից -13 °C սառնամանիքներին։ Չորադիմացկուն է։

Կիրառություն

Սերմերն օգտագործում են սննդի մեջ, դրանցից կարելի է ստանալ բուսական սոսինձ։ Մշակում են կանաչ կեր, խոտ և սիլոս ստանալու համար։ ՀՀ-ում կարելի է մշակել տափաստանային գոտում։ Կերային (կանաչ զանգվածը, խոտը, հատիկը, ծղոտը, խոտալյուրը), գեղազարդիչ և մեղրատու է։ Սերմերից ստանում են սոսինձ, որն օգտագործում են նրբատախտակ պատրաստելիս, ավիացիոն, տեքստիլ և արդյան այլ ճյուղերում։

Տափոլոռ խաղողանմանը (Lathyrus vinealis) հանդիպում է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանի շրջակայքում, աճում է չոր, խճոտ լանջերին, գիհու նոսրանտառներում (ստորին և միջին լեռն, գոտիների). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում