Լոբի. ՀՀ Բույսեր

Լոբի (Phaseolus vulgaris), ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս։ Ըստ թփի ձևի՝ լոբին կարող է լինել փաթաթվող և թփային։

Մեծ տեղ է գրավում սննդի գործում ինչպես հատիկների, այնպես էլ կանաչ ունդերի գործածությամբ։ Լոբին մշակում են հատիկ և կանաչ լոբի ստանալու համար։

Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին։ Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝ 20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ հանքային աղեր։

Անդրկովկասի ժողովուրդների սննդի մեջ լոբին կարևոր տեղ է գրավում և օգտագործվում է հատիկ և կանաչ ունդերի եփած և թթու դրած ձևով։ Լոբին արժեքավոր հումք է նաև պահածոների արդյունաբերության համար։

Լոբին համարվում է ԱՄՆ ազգագրական գրականության մեջ արմատավորված «Երեք քույրերից»՝ բնիկ հնդկացիների մոտ տարածված երեք գլխավոր մշակաբույսերից մեկն է։ Մյուս երկուսն են դդումը և մաիսը։

Պատմական տեղեկություններ

Լոբին Կենտրոնական և Հարավային Ամերիկայի հողագործության գլխավոր բույսերից մեկն է, համարվում է աշխարհի հնագույն մշակաբույսերից մեկը։
Լոբին եվրոպա է բերվել Կոլումբոսի երկրորդ ճանապարհորդությունից հետո։
Սկզբնական շրջանում եվրոպացիներն այն աճեցնում էին որպես դեկորատիվ բույս և միայն XVII դարի վերջում լոբին լայն տարածում ստացավ որպես բանջարանոցային մշակաբույս։

Քիմիական բաղադրությունը

Լոբու հատիկները պարունակում են մինչև 31 %-ի հասնող սպիտակուցներ, 40–60% ածխաջրեր, մինչև 3.6% ճարպեր, կալիում, ֆոսֆոր, սելեն, մոլիբդեն, պղինձ և ցինկ, ամինաթթուներ, օրգանական թթուներ, ինչպես նաև վիտամիններ՝ B6, B1, B5 և ասկորբինաթթու։ Բույսի տարբեր մասերը պարունակում են յոդ, քրոմ, ծծումբ, կոբալտ, նիկել, կրեմնիում, պղինձ, երկաթ։

Բուժական հատկությունները

Բուժիչ նպատակներով մթերում են ծաղիկները և արդեն հասունացած պտղի պատիճը։ Ծաղկաբաժակի թերթիկները ձուլված են խողովակի ձևով, դա է պատճառը, որ մեղուն դժվարանում է հասնել ծաղկահյութին։ Այնուամենայնիվ երկար կնճիթիկ ունեցող հայկական դեղին մեղուն կարողանում է ծակել ծաղկաթերթերը։ Ծաղիկը չորացնում են բաց ծածկի տակ։ Ունի տարրալուծող, արյունը մաքրող հատկություն։ Պատիճը չորացնում են արևի տակ, պարունակում է հակադիաբետիկ նյութ (արգինին)։

Թուրմը և եփուկը կիրառում են աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, ռևմատիզմի, երիկամների և միզապարկի բորբոքումների, սրտային կամ երիկամային բնույթի այտուցների, շաքարային դիաբետի թեթև ընթացքի, պանկրեատիտի դեպքում։

Զգուշացում

Լոբին պետք է սահմանափակել հոդատապի, նեֆրիտի, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի, կոլիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցերի դեպքում։ Հատիկը պարունակում է բարդ շաքարներ, որոնք չեն մարսվում մարդու օրգանիզմում։ Որպես դիետիկ սննդահումք` կարող են դիտվել միայն նախապես 8-10 ժամ ջրում թրջված հատիկները։ Կարելի է նաև եփել, մեկ ժամ թրմել, քամել։ Ջուրը պիտանի չէ խմելու կամ այլ ուտեստ պատրաստելու համար։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում