Վիշապածառ. ՀՀ Բույսեր
Վիշապածառ, վիշապենի, (լատ.՝ Dracaena), շուշանազգիների ընտանիքի բազմամյա ծառանման բույսերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է վիշապածառի մոտ 150 տեսակ, տարածված արևելյան կիսագնդի մերձարևադարձային և արևադարձային շրջաններում։ Բունը ճյուղավոր է, տերևները՝ գծային կամ նշտարաձև, ծաղիկները սովորաբար հուրաններում են․ պարզ, վեցանդամ, սպիտակ կամ դեղնավուն ծաղկապատյանով։ Պտուղը՝ հատապտուղ է։ Վիշապային վիշապածառը (լատ.՝ D․ draco), մինչև 20 մ բարձրությամբ և 4 մ բնի տրամագծով ծառ է։ Աճում է Կանարյան և Սոկոտրա կղզիներում։ Ապրում է մինչև 5-6 հազար տարի։ Կեղևից արտադրվում է կարմիր խեժանման նյութ՝ «վիշապի արյուն», որն օգտագործվում է ներկանյութեր պատրաստելու համար։ Հարավային վիշապածառը (լատ.՝ D․ australis), կաշեկերպ տերևներով, կարճաբուն ծառ է։ Աճում է Նոր Զելանդիայում։ 2 տեսակն էլ օգտագործվում են կանաչապատման մեջ։ Վիշապածառի բազմաթիվ տեսակներ (լատ.՝ D․ godseffiana, D․deremensis և այլն) մշակվում են ջերմատներում և սենյակային պայմաններում։