Սխտոր. ՀՀ Բույսեր
Սխտոր (Allium sativum), միամյա, վեգետատիվ ճանապարհով բազմացող բանջարային մշակաբույս, որի մշակովի տեսակները լայն տարածում ունեն սննդի, երշիկի ու պահածոների արդյունաբերության և ժողովրդական բժշկության մեջ։ Օգտագործվում է թարմ վիճակում ծանրամարս կերակուրների հետ որպես համեմունք, թթուների ու պահածոների մեջ՝ որպես յուրահատուկ համ ու բույր տվող համեմունք, և երշիկի արդյունաբերության մեջ՝ որպես հականեխիչ ազդեցություն ունեցող նյութ։
Սխտորի հյութի ֆիտոցիդներն ունեն առավել ուժեղ բակտերիասպան հատկություն, քան սոխինը։ Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է եղել որպես տարափոխիկ հիվանդությունների հարուցիչների ոչնչացնող և համաճարակային հիվանդություններից պաշտպանվելու միջոց։
Սխտորի քիմիական կազմը կախված է դրա տեսակից, մշակման վայրից ու ագրոտեխնիկայից։ Սխտորի քիմիական կազմի մեջ մընում են 64,66% ջուր, 35,34% չոր նյութ (ընդ որւոմ՝ ածխաջրեր-26,31%, սպիտակուցներ-6,67%, ճարպ-0,06%, թաղանթանյութ-0,77%) և 1,44% մոխիր։ Սխտորն հարուստ է նաև C վիտամինով։ Հանքային տարրերից սխտորը պարունակում է կալցիում, մագնեզիում, մոլիբդեն, պղինձ, կոբալտ, վանադիում, ֆոսֆոր, ծծումբ, քլոր և անագ։ Ունի բարձր կալորիականություն. մեկ կիլոգրամը տալիս է 1300 կալորիա էներգիա։
Սխտորի հետ կապված հավատալիքներ
Ժողովրդական հավատալիքներում սխտորը բավականին շատ է ներկայացված, երբեմն նրան վերագրվում են գերբնական հատկություններ, երբեմն կապում են չար ուժերի հետ։ Կենտրոնական ևրոպայի ժողովուրդները հավատում են, որ սխտորն ունի վամպիրներին ու չարքերին վանելու հատկություն և այդ նպատակով պատուհաններից կախում են սխտոր։ Չեխերի մոտ ընդունված կարծիք կա, որ տանիքին դրված սխտորը տունը պաշտպանում է կայծակից։
Հայերի մեջ կան հավատացողներ, որ սխտորը չի կարելի փոխանցել ձեռքից-ձեռք։
Որպես սնունդ
Հնագույն ժամանակներից սխտորը համարվում է կերակրի անբաժան մասը։ Հրեաներն այն համարում են սուրբ ուտելիք։ Ճապոնացիներն ու կորեացիները բարձր ջերմաստիճանում թթու դնելով ստանում են, այսպես կոչված «սև սխտոր», որը հիմա լայնորեն տարածված է Արևմուտքում։ Հայերիս մոտ սխտորն անբաժան մաս է կազմում խաշ ուտելու արարողության ժամանակ։ Թփով տոլմայի հետ մատուցվում է «սխտորմածուն»։ Ճաշի հետ սխտոր օգտագործելուց մի փոքր իջնում է մարդու զարկերակային ճնշումը և առաջացնում է քնելու ցանկություն։
Մշակումը և արտադրությունը
Սխտորը մշակվում է բոլոր աշխարհամասերում։