Լոլիկ. ՀՀ Բույսեր

Լոլիկ կամ պոմիդոր (Solanum lycopersicum), մորմազգիների (Solanaceae) ընտանիքին պատկանող մշակաբույս է։ Համարվում է ամենատարածված և արժեքավոր բանջարային կուլտուրաներից մեկն աշխարհում։ Օգտագործվում է տարբեր տեսակի կերակուրների մեջ՝ եփած, խորոված, թարմ վիճակում, որպես աղցան, ինչպես նաև թթու և աղը դրած վիճակում։
Լոլիկը մեծ մասամբ օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ։ Լոլիկից կարելի է պատրաստել կետչուպ, տոմատի մածուկ, լեչո և այլն։ Մեծ տարածում ունի նաև լոլիկի հյութը, որը արժեքավոր և վիտամիններով հարուստ զովացուցիչ խմիչք է հասակավոր մարդկանց և դիետիկ կենսամթերք՝ երեխաների ու հիվանդների համար։

Պոմիդորն օժտված է բարձր համային հատկություններով, հարուստ է վիտամիններով (A, B, C, pp), oրգանական թթուներով (կիտրոնաթթու և խնձորաթթու) և հանքային աղերով (Ca, Na, Mg, Fe և այլն):

Պատմությունը

Լոլիկի հայրենիքը Հարավային Ամերիկան է՝ Պերուն, Բոլիվիան և Էկվադորը, որտեղ այժմ էլ կարելի է հանդիպել պոմիդոր վայրի և մշակովի բազմաթիվ ձևերի։ Ացտեկների լեզվով այն կոչվել է Zitomate, որտեղից և եվրոպական շատ երկրներում այն այժմ կոչվում է տոմատ։ Պոմիդորը Եվրոպա է բերվել 16-րդ դարի աառաջին կեսերին և առաջին հերթին տարածվել է Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում։ Եվրոպացիները բույսն անավանել են pommo d' oro («ոսկե խնձոր»)։ Սկզբնական շրջանում պոմիդորը որպես դեկորատիվ բույս մշակվել է բուսաբանական այգիներում, 18-րդ դարի վերջից որպես բանջարային բույս սկսել են մշակել Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, այնուհետև՝ Ֆրանսիայում, Դանիայում և եվրոպական այլ երկրներում։

Հայաստանում

Լոլիկն Հայաստանում մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում, բայց նրա արդյունաբերական մշակումը կենտրոնացած է հիմնականում Արարատյան հարթավայրի շրջաններում, որտեղ գտնվում են նաև պահածոների գործարաններ։

Բուսաբանական նկարագրությունը

Լոլիկը միամյա բույս է, պատկանում է մորմազգիների ընտանիքին (Solanaceae)։ Ծլելուց մինչև առաջին պտուղների հասունացումը տևում է 90-125 օր, նայած սորտին, կլիմայական պայմաններին և մշակման եղանակին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում