Սիսեռ. ՀՀ Բույսեր
Սիսեռ, (լատ.՝ Cicer), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 27 տեսակ։ Մշակության մեջ տարածված է սովորական սիսեռ (C․ arietinum)։
Հայաստանում
ՀՀ-ում վայրի վիճակում՝ 2 տեսակ՝
- Սիսեռ շատ փոքրիկ (C. minutum)
- Սիսեռ անատոլիական (C. anatolicum)։
Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
Աճում է խճապատ, քարքարոտ և ժայռոտ վայրերում։ Մշակվում է սիսեռ մշակովին (C. arietinum)՝ չոր նախալեռնային և լեռնային մարզերում (մինչև 1600 մ բարձր-ներում)։
Հնագույն կուլտուրա է։ Հայրենիքը Ասիան է։ Մեր թվարկությունից առաջ մշակվել է Հունաստանում, Հին Հռոմում։ Հայաստանում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են մ․թ․ա․ 7-րդ դարից պահպանված սերմեր։ Ցանքի նորման՝ 500-550 հազար ծլունակ սերմ կամ շուրջ 100-120 կգ/հա։ Ցանքից առաջ սերմերը վարակում են պալարամանրէներով (նիտրագինով)։ Բերքը հավաքում են ունդերը լրիվ հասունանալուց հետո։ Սերմի բերքը 15-33 ց/հա է։
Կենսաբանական նկարագիր
Արմատներն իլիկաձև են։ Ցողունը կողավոր է, կանգուն, երբեմն՝ կիսականգուն, բարձրությունը՝ մինչև 70 (80) սմ։ Տերևները զույգ կամ կենտփետրաձև են, թավոտ, բաց կանաչ, մոխրականաչ։ Ծաղիկները մեկական են (կամ 2-3), մանր, սպիտակ, դեղնականաչ, վարդագույն-կարմիր, վարդամանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։
Ինքնափոշոտվող է։ Պտուղը կարճ է, փքված-ձվաձև (տանձաձև), պարունակում է 1-3 կլորավուն-ձվաձև սերմ (1000 սերմի զանգվածը՝ 200-300 գ)։
Չորադիմացկուն է, ջերմալուսասեր, աղադիմացկուն։ Հողերի նկատմամբ պահանջկոտ չէ։ Լավ աճում է սևահողերում և շագանակագույն հողերում։
Քիմիական կազմ
Սերմերը պարունակում են մինչև 30% սպիտակուց, մինչև 7% ճարպեր, 60%-ից ավելի անազոտ էքստրակտային նյութեր, ինչպես նաև վիտամիններ (A1, B1, B2)։
Կիրառություն
Պարենային կուլտուրա է, օգտագործվում է սննդի, հրուշակեղենի, պահածոների արդյունաբերությունում։ Օգտագործում են սիրտ-անթային, վահանագեղձի, անեմիայի, շաքարային դիաբետի, մաշկային հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է` մետեորիզմի, ստամոքսահյութի, բարձր թթվայնության, նեֆրիտի, հոդատապի դեպքում։