Տորոն. ՀՀ Բույսեր

Տորոն (լատ.՝ Rúbia), զունար մատ, տորոնազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը քառանիստ է, հիմնականում՝ մագլցող, երբեմն՝ կանգուն, ճյուղավորվող, բարձրանում է՝ 30-200 սմ։ Տերևները նշտարաձևից էլիպսաձև են, հակադիր, ամբողջական, ունեն տերևակիցներ, որոնք հաճախ մեծանում են, և ստացվում է տերևային օրգանների օղակաձև դասավորություն։ Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, երկսեռ, կանոնավոր, գագաթնային կամ տերևանութային կիսահովանոցներում, որոնք հիմնականում առաջացնում են բարդ հուրանաձև, երբեմն՝ ողկուզանման ծաղկաբույլեր։ Ծաղկում է հունիս-հուլիսին։

Պտուղը
Պտուղը հյութալի երկբաժան հատիկ է կամ տրոհվող տուփիկ։ Որպես դեղահումք օգտագործում են կոճղարմատն ու արմատները (պարունակում են օքսիմեթիլանթրաքինոններ և դրանց ածանցյալները, կիտրոնա-, խնձորա-, գինեթթուներ, սպիտակուցներ, շաքարներ, պեկտինային նյութեր և այլն)։

Տարածում
Տարածված է Տավուշի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, բանջարանոցներում, ճամփեզրերին, քարքարոտ լանջերին։ Տորոնի դասը ընդգրկում է 30 տեսակ, այլ տվյալներով ավելի քան 230,աճում է Հարավային Եվրոպայում, ինչպես նաև արևադարձային երկրներ՝ Ասիայում, Ամերիկայում և Աֆրիկայում։

Կիրառում և նշանակություն
Պատրաստուկները (թուրմ, փոշի, հաբ) օգտագործում են երիկամաքարային հիվանդությունների բուժման ժամանակ։ Ներկատու Տորոնից ստանում են տորոնաներկ, որի հիմնական գունավոր բաղադրիչ մասն ալիզարինն է։ Բուրդը, զործաթելը, գործվածքն և մանրաթելը ներկելու համար Հայաստանում օգտագործվում է վաղ ժամանակներից (որտեղից նաև արտահանվել է)։ Ըստ հայկական աղբյուրների՝ լավագույն տորոնաներկ պատրաստում են 3-4 տարեկան բույսի արմատներից։ Կախված ներկման պայմաններից և օգտագորվող ժանտանյութի (օրինակ՝ ճարպաթթուներ, աղաղանյութեր, մետաղների աղեր և այլն) տեսակից՝ հումքը ներկվում է վառ կարմիր, մանուշակագույն, շագանակագույն, դեղձանիկադեղին կամ այլ գույներով։ Սինթետիկ ալիզարինի ստացումը սահմանափակեց տորոնաներկի կիրառությունը։

Պատմություն
1736 թվականին Հովհաննես Ալթունյանը Տորոնի սերմերը գաղտնի տեղափոխել է Ֆրանսիա, որտեղ նրան հաջողվել է մշակել բույսը և խոշոր պլանտացիաներ հիմնել։ Ի պատիվ Ալթունյանի՝ ֆրանսիացիները հուշատախտակ են դրել Ավինյոնի Կելվե թանգարանում (1821), իսկ վոկլյուզցիները Նոթր-Դամ դը Դոմ ժայռի վրա կանգնեցրել են նրա բրոնզե արձանը (1846)։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում