Ռեհան. ՀՀ Բույսեր
Ռեհան կամ շահասպրամ (լատ.՝ Ocimum), արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է 50 տեսակ։
ՀՀ բոլոր մարզերում տարածված է ռեհան մշակո վին (O. basilicum): Միամյա է։ Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում։
Անվանում
Լատիներեն անվանումը ծագել է հին հուն․՝ ὤκιμον - «ռեհան», չունենալով հստակ ստուգաբանություն:
Ռեհանը ունի նաև ժողովրդական անվանում՝ ռեգան, ռեհոն, ռեան:
Կենսաբանական նկարագիր
Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձրությունը՝ 20-80 սմ։ Տերևները ձվաձև են, ատամնաեզր։ Ծաղիկները կեղծ տերևանութներում են, սպիտակ, վարդագույն կամ մանուշուկագույն։
Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանմաև է։
Սերմերը գորշ սևավուն են։ 1000 սերմի կշիռը 0,8-1,6 գ է։ Ծլունակությունը պահպանվում է 4-ից 5 տարի։
Կիրառուում
Օգտագործվում է թարմ վիճակում որպես կանաչի ու բազմազան կերակուրների մեջ, թարմ և չորացրած, որպես համեմունք։
Բժշկության մեջ
Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։
Քիմիական կազմ
Ծաղիկները պարունակում են 0,03-1 % եթերայուղ, ցողունները՝ մինչև 0,02-65 %: Այն բավականին հարուստ է եթերային յուղերով, որոնք տալիս են առանձնահատուկ բուրմունք՝ բարձրացնելով ռեհանի համեմունքային արժեքը։ Հարուստ է նաև վիտամիններով և հանքային աղերով։