Մատնունի. ՀՀ Բույսեր
Մատնունի (լատ.՝ Potentilla), արծաթախոտ, հնգամատնե, հզորուկ, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 300(այլ տվյալներով՝ 500) տեսակ։
Կենսաբանական նկարագիր
Արմատներն իլիկանման հաստացած են։ Ցողունները փռվող են կամ կանգուն, բարձրությունը՝ 5-80 սմ։ Տերևները հակադիր են, սղոցաեզր։ Ծաղիկները հիմնականում մեկական են կամ հուրանանման ծաղկաբույլերում, բաց կամ մուգ դեղին։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը բագմընկուզիկ է։
Տարածում
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, մարգագետիններում, թփուտներում, բացատներում, խճոտ վայրերում, ճամփեզրերին և այլն, աղբոտում ցանքերն ու այգիները։
Նշանակություն և կիրառում
Մեծ մասը դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, վիտամին C, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես կապող, արյունահոսությունը դադարեցնող, հակաբորբոքային, վերքամոքիչ միջոց, նաև ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ։ Գեղազարդիչ է և մեղրատու։ Մատնունու Ծիրանավորը (P. porphyrantha) անդրկովկասյան բնաշխարհիկ է, աճում է միայն Գեղամա լեռնաշղթայում (3300-3500 մ բարձրություններում), ունի վառ վարդագույն ծաղիկներ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։