Փետրախոտ. ՀՀ Բույսեր
Փետրախոտ, սարի սմբուլ (լատ.՝ Stipa), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա չորասեր խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը բարակ է, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները կոշտ են, նեղ գծաձև՝ սովորաբար հետոլորված եզրերով կամ խողովակաձև (ծածկում են հերձանցքերը)։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մեկական, նուրբ և ճկուն փետուրների տեսքով։ Ծաղկում է հունիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբեր։
Տեսակներ
Հայտնի է 300, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝
- փետրախոտ Լեսինգի (S.lessingiana),
- փետրախոտ Շովիցի (S.szovitsiana),
- փետրախոտ մազանման (S.capillata),
- անդրկովկասյան (S.transcaucasica),
- փետրախոտ գեղեցկագույն (S.pulcherrima) և այլն։
Տարածում
Տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և այլ մարզերի ցածրադիր և միջին լեռն, գոտիներում (1500-2200 մ բարձրներում)։ Աճում է անապատներում, կիսաանապատներում, տափաստաններում, նոսրանտառներում, չոր, քարքարոտ վայրերում և այլն։ Փետրախոտի շատ տեսակներ տափաստանների բուսականության հիմնական տարրերից են։
Նշանակություն
Ճիմ առաջացնող և կերային խոտաբույս է։ Գեղազարդիչ է։