Տաքդեղ. ՀՀ Բույսեր

Տաքդեղ(լատ.՝ Capsicum), մորմազգիների (Solanaceae) ընտանիքի Capsicum ցեղին պատկանող մշակաբույս։ Հայտնի է 4, ՀՀ-ում մշակության մեջ՝ 1 տեսակ՝ Տաքդեղ պատիճավոր կամ դարապղպեղ (C. annum):

Մշակվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, մասամբ՝ Կոտայքի մարզերում։

Այլ անվանումներ. ծիծակ, պղպեղ, բիբար, պատիճապղպեղ։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը կանգուն է (կան նաև կիսականգուն ձևեր), ճյուղավորվող, բարձրությունը՝ 25-85 սմ։ Տերևները պարզ են, մեկական, ձվաձև կամ նշտարաձև, մուգ կանաչից մինչև բաց կանաչ։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական կամ փնջերով, սպիտակ կամ կանաչավուն, երբեմն՝ մանուշակագույն երանգով։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։

Պտուղը 2-3-բնանի, բազմասերմ, կեղծ, սնամեջ հատապտուղ է, տեխնիկական հասունացման վիճակում՝ կանաչ, լրիվ հասունացման վիճակում՝ կարմիր, նարնջագույն, դեղին, դարչնագույն, տարբեր ձևերի և մեծության։

Սերմերը տափակ են, բաց դեղնավուն։ Կան կծու և քաղցր, մանր, խոշորապտուղ, միջահաս և ուշահաս սորտեր։ Կծվությունը պայմանավորված է կապսացին նյութի (բարձրացնում է արյան ճնշումը) առկայությամբ։

Քիմիական կազմ
Պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, վիտամիններ C, B1։ B2, P, կարոտին (A-նախավիտամին):

Տաքդեղն աչքի է ընկնում իր համի ու սննդատու բավականին բարձր հատկություններով ու վիտամինների քանակով, հարուստ է անազոտ էքստրակային նյութերով, հում պրոտեինով և ճարպերով։ Քիմիական կազմը խիստ փոփոխական է՝ կախված սորտից, հասունության աստիճանից և աճեցողության պայմաններից։ Չոր նյութերի քանակը տատանվում է 5-12 %-ի սահմաններում, շաքարները կազմում են 2-8,6 %, թաղանթանյութը՝ 1,06-1,16 %, մոխիրը՝ 0,077-1,9 %: Պտուղների կծվությունը պայմանավորված է կապսաիցին ալկալոիդով, որը կազմում է չոր նյութերի մոտավորապես 2 %-ը։ Ըստ կապսաիցինի քանակի տաքդեղի սորտերը ստորաբաժանվում են քաղցր, կիսաքաղցր և կծու տեսակների։ Տաքդեղի ամենաարժեքավոր հատկություններից մեկը մեծ քանակով C վիտամին պարունակելն է։

Կիրառություն
Լայնորեն օգտագործվում է եփած և խորոված, ինչպես նաև թարմ (օրինակ՝ աղցանների մեջ) ու թթու դրած վիճակում։ Կարևոր դեր ունի նաև պահածոների արդյունաբերության մեջ, սակայն այս բոլորից զատ, տաքդեղն օգտագործում են նաև որպես համեմունք՝ չորացած և աղացած վիճակում։

Տաքդեղի քաղցր սորտերից մշակվում են Անին, Զմրուխտ` երկուսն էլ բոլոր գոտիների համար, Հայկական տեղականը` Արարատյան հարթավայրի համար, կծու տաքդեղներից` Զիտա և Գիտա սորտերը բոլոր գոտիների համար։

Մշակություն
Տաքդեղը ջերմասեր բույս է, սերմերը ծլում են 12-­13­ ջերմաստիճանում։ Աճման և զարգացման համար լավագույն ջերմաստիճանը ցերեկը` 25, գիշերը 15­-18: 11­-13 ջերմաստիճանի սահմաններում աճը կանգ է առնում, իսկ ­ 0.5­ °C-ից - 10 °C դեպքում բույսերը մահանում են։ 32 °C-ից բարձր` աճը դանդաղում է, ծաղիկներն ու երիտասարդ պտուղները թափվում են։ Տաքդեղը պահանջկոտ է հողի խոնավության և բերրիության նկատմամ։

Տաքդեղի սածիլումը կատարում են շարքը ­շարքից 50 սմ, բույսը բույսից, քաղցր սորտերի համար` 30 սմ, իսկ կծու սորտերի համար` 20 սմ հեռավորությամբ։

Արգելվում է սածիլը տնկել ջրի մեջ, այն պետք է տնկել քեշի եկած հողում` արմատավզիկից 1­2 սմ խորը։ Տաքդեղի սածիլումը կատարում են ապրիլ մայիս ամիսներին։ Արարատյան հարթավայրի պայմաններում ջրում են 15-­18 անգամ, վեգետացիայի ընթացքում կատարում են 4­5 քաղհան­ փխրեցում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում