Սպանախ. ՀՀ Բույսեր
Սպանախ (լատ.՝ Spinacia oleracea), ծմել, շոմին, թելուկազգիների ընտանիքի երկտուն, միամյա կամ երկամյա բույսերի ցեղ։ Տարածված տերևաբանջարայնին սննդամթերք։ Հայտնի է 3 տեսակ։
ՀՀ-ում՝ 2 տեսակ՝
- Սպանախ քառառէջ (Տ. tetrandra)
- Սպանախ սովորական (Տ. oleracea), որը տարածված է մշակության մեջ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 20-50 սմ։ Տերևները եռանկյունանիզակաձև կամ երկարավուն-ձվաձև են, հարթ կամ ծալքավոր։ Վեգետացիայի սկզբում ձևավորվում է տերևների վարդակը, հետագայում կազմակերպվում ծաղկող ցողունը։ Արական ծաղիկները հավաքված են հուրանաձև ծաղկաբույլերում, իգականները՝ տերևանութներում։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղը գնդաձև է, փշոտ կամ առանց փշերի։
Տարածում
Քառառէջ սպանախը հանդիպում է Արարատի (Դվին գ.) և Կոտայքի (Ջրվեժ գյուղի) մարզերում, աճում է թմբերի, չոր թեքությունների վրա, քարքարոտ վայրերում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Սպանախի հայրենիքը Փոքր Ասիան և Միջին Ասիան են։ Վայրի սպանախն աճում է Կովկասում, Անդրկովկասում, միջինասիական հանրապետություններում։
Քիմիական կազմ
Սպանախի տերևները հարուստ են սպիտակուցներով, ածխաջրերով, պարունակում են C, B խմբի վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), երկաթի և ֆոսֆորի աղեր, սպիտակուցներով, ճարպով, յոդով և այլն։
Սպանախի տերևների չոր նյութը 8-11% է, սպիտակուցները՝ 2-2,5%։ 100 գ հում սպանախը պարունակում է 55-65 մգ C, մոտ 0,03 մգ B1 և 0,25-0,30 մգ B2 վիտամին, պարունակում է նաև A վիտամինի նախավիտամին համարվող կարոտինը։
Նշանակություն և կիրառում
Կարելի է օգտագործել յուղով և ձվով տապակած վիճակում։ Ուտելու համար օգտագործվում է սպանախի վարդակի մատղաշ տերևները, որոնք օժտված են բարձր սննդարժեքով և հարուստ են դյուրամարս սպիտակուցներով, ճարպով, յոդով, երկաթով, ֆոսֆորով, կալիումով և մի շարք վիտամիններով։ Սպիտակուցների պարունակության առումով սպանախը մրցում է կաթի հետ և մի փոքր հետ է մնում մսից։
Սպանախը լայնորեն օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ, որտեղ դրանցից պատրաստում են այսպես կոչված՝ կանաչ պյուրե՝ ոլոռի և մսով պահածոների համար։ Սպանախի արժեքավոր հատկություններից են նրա վաղահաությունը և ցրտադիմացկունությունը, որոնց շնորհիվ Արարատյան հարթավայրում սպանախը հնարավոր է օգտագործել աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին։