Վարունգ. ՀՀ Բույսեր
Վարունգ (լատ.՝ Cucumis sativus), դդմազգիների ընտանիքին (Cucurbitaceae) պատկանող բանջարեղեն։ Այն համարվում է ամենատարածված և հնագույն աղցանային բանջարեղեններից մեկը։ Կարճ վեգետացիոն շրջանի շնորհիվ մշակվում է կլիմայական բոլոր գոտիների, ինչպես բաց, այնպես էլ պաշտպանված գրունտներում։ Վարունգի հայրենիքը համարվում է Հյուսիսային Հնդկաստանը։
Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ վարունգ ցանովի (C. sativus): Մշակվում է գրեթե բոլոր մարզերում։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը սողացող կամ մագլցող է, ճյուղավորվող, երկարությունը՝ 50-200 սմ Տերևները հերթադիր են, ատամնաեզր, հնգաբլթակ։ Ծաղիկները միատուև են (հազվադեպ՝ երկտուն), ծծմբադեղնագույն, արականները՝ վահանաձև կամ ողկուզանման ծաղկաբույլերով, իգականները՝ տերևանութներում, մեկական։ Ցողունի հանգույցներում, բացի տերևներից և ծաղիկներից, կան նաև փաթաթվող բեղիկներ։
Պտուղը տարբեր ձևերի (կլոր, ձվաձև, գլանաձև, երկարավուն և այլն) և չափերի (5-100 սմ) դդմիկ կամ կեղծ հատապտուղ է։
Քիմիական կազմ
Վարունգի պտուղների 94-96%-ը ջուր է, իսկ մոտ 1-2%-ը՝ շաքար։ Պարունակում է A, C, B և B2 վիտամիններ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, եթերայուղ և այլն։
Մշակություն
Վարունգի սերմերը աճում են 120 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանում, այդ պատճառով դրանք պետք է ցանել միայն տաքացած հողի մեջ։ Սառը հողում (100 °C-ից ցածր) սերմերը չեն ծլում եւ սովորաբար նեխում են։ Վարունգի աճման ու զարգացման համար օդի լավագույն ջերմությունը 25-300 °C է, հողինը` 20-250 °C:
Ուտելի է չհասունացած կանաչ սերմնարանը։ Կան նաև անսերմ (պարթենոկարպ) ձևեր։ Ջերմա-, լուսա- և խոնավասեր է։ Տարբեր սորտերի ծաղկման ու պտղաբերման շրջանը տևում է 30-60, իսկ սերմացու պտուղների հասունացումը՝ 80-90 օր։
Վարունգը աճեցնում են բաց և փակ գրունտում՝ սերմերով և սածիլներով։ Բերքատվությունը բաց գրունտում 300-400 ց/հա է, ջերմատներում՝ 18-20 կգ/մ² (առավելագույնը՝ 40):
Բաց գրունտում շրջանացված են Կոտայքի, Առինջի, Նեժինսկի, Ուսպեխ, Դրուժբա 60 և այլն, փակ գրունտում՝ Ստելլա, Կուկարաչա (անսերմ), Ալմա Աթայի և այլ սորտեր։
Վարունգը կարելի է աճեցնել նաև տնային պայմաններում։ Վարունգը տնային պայմաններում աճեցնում են ամառա-աշնանային և ձմեռա-գարնանային ժամանակաշրջաններում։ Սենյակում կարելի է աճեցնել հետևյալ տեսակներն ու հիբրիդները`
- Բոգնիշոկ,
- Տոպորեն,
- Լեգենդա,
- Մոսկովսկի տեպլիչնըյ,
- Ստելլա,
- Տենդեմ,
- Մանուլ (ՏԽՍԱ-211),
- Մարաֆոն,
- Գրանատա,
- Ապրելսկի,
- Սենտյաբրսկի,
- Կուկարաչա (ՏԽՍԱ-761) և այլն։
Նշանակություն և կիրառում
Պտուղն օգտագործում են սննդի մեջ՝ թարմ և թթու դրած։
Որպես աղցանային բանջար՝ օժտված է համի բարձր հատկություններով և նպաստում է կերակուրների լավ մարսելիությանը։ Սննդանյութերով, սակայն, առանձնապես հարուստ չէ. սակայն ենթադրվում է, որ վարունգի մեջ ամենաարժեքավորը հիմնային բնույթի հանքային միացություններով հարուստ լինելն է։ Վերջիններս նպաստում են սպիտակուցների ավելի լավ յուրացմանը և օրգանիզմի նորմալ գործունեությանը։
Պահածոների արդյունաբերության մեջ օգտագործվում է վարունգի պաստերիզացված պտուղը՝ պահածոներ պատրաստելու համար։
Բժշկության մեջ
Վարունգի հյութը շատ օգտակար է խոցային թոքախտի ու հազի դեպքում։ Այն հանգստացնում է նյարդային համակարգը, վերացնում է փորկապությունը։ Վարունգը նպաստում է օրգանիզմից նյութափոխանակության ընթացքում կուտակված նյութերի դուրսբերմանը, քանի որ աղքատ է ազոտային միացություններով և հարուստ` ջրով, ապա, համեմատած ազատ հեղուկների հետ, ներծծվում է դանդաղորեն եւ դուրս գալիս արագորեն։
Հետաքրքիր փաստեր
Շկլով քաղաքում՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ծննդավայր, 2007 թվականին կանգնեցվել է վարունգի հուշարձան։
Լուխովից քաղաքում (Մոսկվայի տարածաշրջան), կանգնեցվել է «վարունգ-կերակրողի» հուշարձանը։
Նեժինե քաղաքում նույնպես կանգնեցվել է հուշարձան։
Իրանում վարունգը համարում են միրգ և մատուցվում է քաղցրավենիքի հետ։
Ըստ Բուսաբանական դասակարգման վարունգի պտուղը դիտվում է կեղծ հատապտուղ խոհանոցում։
Իստոբենսկ գյուղում երկար տարիներ անցկացվում է վարունգի փառատոն։
Հուլիսի 27-ին նշվում է Վարունգի միջազգային օրը, հենց այդ օրնը առաջին անգամ Սուզդալում կազմակերպվել է Վարունգի փառատոոն։