Բադրիջան. ՀՀ Բույսեր
Բադրիջան կամ սմբուկ (լատ.՝ Solanum melongena), մորմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույս, որը բավականին մեծ տեղ է զբաղեցնում սննդի և պահածոների արդյունաբերությունում։ ՀՀ-ում տարածված է մշակության մեջ։
Անվանում
Բադրջանը երբեմն անվանում են «հայկական վարունգ» (չշփոթել հայկական վարունգի՝ սեխի տեսակի հետ)։Հայտնի ճանապարհորդ Ա. Բ. Կլոտ-Բեյը, Եգիպտոսով ճանապարհորդելիս նկարագրելով բանջարանոցային բույսերը, նշում է, որ այդ երկրում առանձնացնում են հայկական վարունգի երկու տեսակ. սպիտակ (Բիդինջան աբադ) և մանուշակագույն (Բիդինջան էսուետ):
Կենսաբանական նկարագիր
Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, թավոտ, բարձրությունը՝ 70–180 սմ։ Տերևները խոշոր են, պարզ, հերթադիր, կոթունավոր, թավոտ, ձվաձևից մինչև լայն նշտարաձև։ Ծաղիկները մանուշակագույն են՝ մեկական կամ ողկույզներով։
Պտուղը կլորավուն, տանձաձև, գլանաձև, մանգաղաձև, բացից մինչև մուգ մանուշակագույն հատապտուղ է (զանգվածը՝ 40–100 գ): Սննդի մեջ պտուղներն օգտագործվում են տեխնիկական հասունացման փուլում։
Մերձարևադարձային և բարեխառն գոտիներում մշակում են սածիլներով՝ որպես միամյա բույս։ Սերմերը ջերմատներում և ջերմոցներում ցանում են դաշտ տեղափոխելուց 45-60 օր առաջ։
Քիմիական կազմ
Բադրիջանի պտուղների չոր նյութը կազմում է 7-12%, իսկ շաքարը՝ 3-4%։ Բացի այդ, բադրիջանի պտուղները պարունակում են 0,034% ֆոսֆոր, 0,001% երկաթ և 0,01% կիր, որոնք շատ անհրաժեշտ են մարդու օրգանիզմի համար։ Բադրիջանը վիտամիններով առանձնապես հարուստ չէ, թեև պարունակում է որոշ քանակությամբ B2, PP և C վիտամիններ։
Պտուղը պարունակում է չոր նյութեր, շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի և այլ աղեր։ Սմբուկը ջերմա- և խոնավասեր է, սննդանյութերի նկատմամբ՝ պահանջկոտ։
Նշանակություն և կիրառում
Բադրիջանից պատրաստում են բազմազան ճաշեր։ Բադրիջանի պտուղներից հրուշակեղենի արդյունաբերությունում պատրաստում են բարձրորակ մուրաբաներ և ցուկատներ։
Հայկական խոհանոցում բադրիջանով ուտեստները չունեն հաուկ անուններ, սակայն շատ նման են իրենց պատրաստման եղանակով հայտնի ռատատույ ֆրանսիական և այլ երկրների կերակրատեսակների հետ։
Տարածում
Վայրի սմբուկն աճում է Հարավարևելյան Ասիայում (Հնդկաստան, Մյանմա): Մշակվում է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայում։
ՀՀ-ում սմբուկի մշակությունը լայնորեն տարածված է։ Մշակում են առավելապես Արարատյան դաշտում, նախալեռնային գոտում։