Աղտոր. ՀՀ Բույսեր
Աղտոր (լատ.՝ Rhus), աղտորատունկ, սումախ, թիթում, աղտորազգիների ընտանիքի տերևաթափ, երբեմն՝ մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 60 (այլ տվյալներով՝ 250), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ աղտոր դաբաղային կամ կաշեգործական (R. coriarla)։
Ձևաբանություն
Ցողունի բարձրությունը 3-5 (մինչև 8) մ է։ Տերևները թավոտ են, բարդ, եռամաս կամ կենտփետրաձև, տերևիկները՝ ձվաձև, ատամնաեզր։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, կանաչասպիտակավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը փոքրիկ կորիզապտուղ է։ Սննդի մեջ օգտագործում են որպես համեմունք, բժշկությաև մեջ՝ արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Պարունակում է դաբաղանյութեր, վիտամիններ, ներկանյութեր։ Տերևներից և ընձյուղներից ստանում են սև, ցողուններից՝ դեղին, արմատների կեղևից՝ դարչնագույն ներկեր։ Աղտորը առաջացնում է առատ արմատային մացառներ (կարելի է անտառապատել էրոզացված չոր, քարքարոտ թեքությունները)։
Տարածվածությունը Հայաստանում
Հանդիպում է Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին (մինչև 1500 մ բարձրություններում)։