Հոն. ՀՀ Բույսեր
Հոն (լատ.՝ Cornus), հոնազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ։
Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Հոն սովորական (լատ.՝ Cornusmas)՝ տարածված Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Տավուշի, Զանգեզուրի անտառներում և Սյունիքի մարզի ցածրադիր մասերում։ Մշակովի հոնի լավագույն փոփոխակներ տարածված են նաև Երևանի շրջակա այգիներում (Նորք), Կոտայքի և Արագածոտնի մարզերում։
Կենսաբանական նկարագիր
Բարձրութունը 4-8 մ է, պսակի տրամագիծը՝3-6 մ։ Երկարակյաց է։ Տերևները պարզ են, ամբողջական, հակադիր, ծաղիկները՝ երկսեռ, մանր՝ հավաքված հովանոցանման ծաղկաբույլերում։ Պտուղը կորիզապտուղ է, կարմիր, մսալի։
Նշանակություն
Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, օղի)։ Մեղրատու է։ Փայտանյութն ամուր է, օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Ծառի կեղևը, ճյուղերը և տերևները պարունակում են աղաղանյութեր։