Առվույտ. ՀՀ Բույսեր
Առվույտ (լատ.՝ Medicago), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 150, ՀՀ-ում վայրի վիճակում՝ 10 տեսակ՝ առվույտ գայլուկանման (M. lupulina), առվույտ ցանովի (M. sativa), առվույտ երկնագույն (M. coerulea), առվույտ խավոտ (M. papiilosa), առվույտ տատասկանման (M. tribuloides) և այլն։
Բուսաբանական նկարագրություն
Արմատն իլիկաձև է, ցողունը՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 40-150 սմ, մերկ, երբեմն՝ թույլ թավոտ։ Տերևը բարդ է, եռաբաժան, սղոցաեզր։ Ծաղկաբույլը խիտ կամ նոսր կոնաձև ողկույզ է։ Ծաղիկը երկսեռ է, դեղին, մանուշակագույն, բաց վարդագույն, կանաչավուն, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում է մայիս-հուլիսին (որոշ տեսակներ՝ մինչև ուշ աշուն)։ Պտուղը զսպանակաձև, երիկամաձև, մանգաղաձև ունդ է (հաճախ՝ փշոտ), սերմերը՝ մանր, երիկամաձև, դեղին, բաց շագանակագույն։
Կիրառական նկարագրություն
Առվույտը հողը հարստացնում է ազոտով, բարձրացնում բերրիությունը։ Սպիտակուցներով (չոր տերևը պարունակում է 19-20%) ու վիտամիններով (A, C, D, PP և այլն) հարուստ կերաբույս է (օգտագործվում են կանաչ զանգվածը, խոտը, սենաժը, խոտալյուրը)։ Առվույտի ցանքերը շահագործվում են 5-6 տարի։ Ցանքաշրջանառության մեջ տողնում են 2-ից 3 տարի։ Մեղրատու է։
Տարածվածությունը Հայաստանում
ՀՀ-ում վայրի վիճակում հանդիպում է 10 տեսակ՝ առվույտ գայլուկանման (M. lupulina), առվույտ ցանովի (M. sativa), առվույտ երկնագույն (M. coerulea), առվույտ խավոտ (M. papiilosa), առվույտ տատասկանման (M. tribuloides) և այլն։ Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է ստորին և վերին լեռն., ալպյան և մերձալպյան գոտիներում, քարքարոտ լանջերին, կրոտ և կավոտ վայրերում, անտառի բացատներում, ճամփեզրերին, գետափերին և այլն։ Մշակության մեջ տարածված են առվույտ ցանովի կամ կապույտ (M. sativa), առվույտ մանգաղանման կամ դեղին (M. falcata) և առվույտ հիբրիդային (M. media) տեսակները։