Բողկ. ՀՀ Բույսեր

Բողկ (լատ.՝ Raphanus), բողկուկ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա և երկամյա արմատապտղավոր բանջարաբույսեր։ Հայտնի է 8 (10), ՀՀ-ում վայրի վիճակում՝ 1 տեսակ՝ բողկ դաշտային (R. raphanistrum)։

Նկարագրություն
Ծաղկացողունը ճյուղավորվող է։ Վարդակի տերևները թավոտ են, տերևաթիթեղը՝ քնարաձև բլթակավոր, վերին բլթակը՝ խոշոր։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, վարդագույն, մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը չբացվող պատիճ է, արմատապտուղները՝ տարբեր ձևի (կլոր, կլոր-տափակավուն, կոնաձև, ձվաձև, գլանաձև և այլն), մեծության (տարեկանը՝ 0, 5-5 կգ, ամսաբողկը՝ 20-60 գ) և գույնի (սպիտակ, կարմիր, վարդագույն, մոխրագույն և այլն)։

Քիմիական բաղադրություն
Պարունակում են վիտամիններ (C, B), կալիումի, կալցիումի, երկաթի և ֆոսֆորի աղեր (գերակշռում են հիմնային աղերը), գլիկոզիդներ, սպիտակուցներ, ֆերմենտներ և այլն։ Սննդի մեջ օգտագործում են միայն թարմ (բարելավում է նյութափոխանակությունը և մարսողությունը)։

Կիրառությունը բժշկության մեջ
Բողկը ունի միզամուղ, լեղամուղ, խորխաբեր, ցավամոքիչ, հանգստացնող հատկություն։ Բարձրացնում է դիմադրողականությունը, կանխում ջղակծկումները, կանխարգելում ուռուցքների առաջացումը։ Կորեացիներն օգտագործում են սերմերը` ստամոքսաբորբի, վատ մարսողության, քրոնիկ բրոնխիտի, բրոնխների ասթմայի դեպքում, արմատապտուղը` այտուցի, ցիստիտի, շաքարային դիաբետի, եփուկը` քրոնիկ լուծի, հյութի ջրային լուծույթը` ստոմատիտի դեպքում, տրորած տերևը դնում են կապտուկներին։

Հակացուցումներ
Չի կարելի օգտագործել սիրտ-անոթային հիվանդությունների, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, կոլիտի, ստամոքսի, 12-մատնյա աղիի խոցի դեպքում։ Պետք է զգուշանալ պանկրեատիտի, լեղաքարային հիվանդության, հոդերում «աղերի կուտակման» դեպքում։

Տարածումը Հայաստանում
Հանդիպում է Տավուշի, Գեղարքունիքի մարզերում (մինչև վերին լեռնային գոտի), Երևանի շրջակայքում։ Աճում է ցանքերում, բնակավայրերի մոտ և այլն։ Մշակության մեջ ՀՀ գրեթե բոլոր մարգերում տարածված է բողկ մշակովին կամ ընտանին (R. sativus), որն ունի 2 տարատեսակ՝ տարեկան բողկը և ամսաբողկը։  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում