Փյունիկյան արմավենի. ՀՀ Բույսեր
Փյունիկյան արմավենի (լատ․՝ Phoenix), արմավենիների ընտանիքի երկտուն ծառանման բույս։ Բունը ծածկված է թափված տերևների մահացած տերևակոթունների պատյաններով, գագաթը՝ փետրաձև տերևների խիտ սաղարթով։ Ծաղիկները միասեռ են, եռանդամ՝ հավաքված հուրանաձև ծաղկաբույլերում։ Պտուղը պինդ սերմով հատապտուղ է․ որոշ տեսակներինն օգտագործվում է սննդում։ Հայտնի է Փյունիկյան արմավենու 15 տեսակ՝ տարածված Ասիայի և Աֆրիկայի արևադարձային շրջաններում։ Բուն փյունիկյան արմավենի (Ph․ dactylifera) Հյուսիսային Աֆրիկայից մինչև Ինդոս գետը տարածված չոր մերձարևադարձային շրջանների հնագույն մշակովի բույս է, որի մշակությունը Եգիպտոսում և Միջագետքում հայտնի է մ․ թ․ ա․ 7–րդ հազարամյակից։ Վայրի վիճակում չի հանդիպում։ Բունն ուղիղ է՝ 15–20 մ բարձրությամբ և 80 uմ տրամագծով։ Տերևների երկարությունը 4–6 մ է։ Պտուղները (խուրմա) երկարավուն են կամ օվալաձև՝ մինչև 7,5 սմ երկարությամբ։ Սննդի մեջ օգտագործվում են թեթևակի ապխտած կամ չորացրած վիճակում։ Կալորիականությամբ գերազանցում են մյուս պտուղներին։ Ապրում է մինչև 100 տարի, պտղաբերում՝ 5–6-րդ տարում։ Մեկ ծառը տալիս է 30–120 կգ բերք։ Հայտնի է ավելի քան 5000 սորտ։ ԽՍՀՄ–ում մշակվում էր Թուրքմենիայում։ Փյունիկյան արմավենու բազմաթիվ տեսակներ օգտագործվում են որպես դեկորատիվ և ջերմոցային բույսեր։