Բրինձ. ՀՀ Բույսեր
Բրինձ (լատիներեն՝Oryza), հացազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսեր, հատիկավոր մշակաբույս։ Հայտնի է բրնձի մոտ 23 տեսակ։
Ցողունը հասնում է 60÷150 սմ բարձրության։ Ծաղկաբույլը՝ հուրան, հասկիկները՝ միածաղիկ են, պտուղը՝ հատիկ, թեփուկավոր։ Տերեւները բավականին լայն են, մուգ կանաչ, եզրերը՝ փշփշոտ։
Թեփուկներից մաքրված հատիկը պարունակում է 15% ջուր, մոտ 74% ածխաջրեր, մոտ 8% սպիտակուցներ, 0,4% ճարպեր, 2,1% թաղանթանյութ, 0,5% մոխիր։
Արտադրությունը
Բրինձը հիմնականում արտադրվում և սպառվում հարավ-արևելյան ասիայի երկրներում։ Այն հիմնական գյուղատնտեսական արտադրանք և սննդային անվտանգության երաշխիք է հանդիսանում այդ երկրների գյուղական բնակչության համար։ Բրնձի աճեցման գործով հիմնականում զբաղվում են 1 հա-ից պակաս հողակտոր ունեցող փոքր գյուղացիական տնտեսությունները։ Բրնձի աճեցման համար պահանջվում են հատուկ պայմանններ։ Աշխատանքները հիմնականում կատարվում են ձեռքով։
Բրնձի համաշխարհային արտադրության 95%-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին։ Միայն դրա կեսի արտադրությունն ապահովում են Չինաստանն ու Հնդկաստանը՝ միասին։