Արվանտակ. ՀՀ Բույսեր
Արվանտակ (լատ.՝ Cynodon), շնատամ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արվանտակ մատնաձև կամ շնատամ (C. dactylon)։
Ձևաբանություն
Ցողունը կիսականգուն է, հիմքից՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 40-80 սմ։ Տերևները գծաձև են, կոշտ, թխակապտավուն։ Ծաղկաբույլը թաթաձև է՝ 3-8 հասկանման ճյուղերով, հասկիկները՝ մանր։ Ծաղկում և պտղաբերում է հունիս-սեպտեմբերին։ Հատիկը մերկ է, մուգ գորշագույն։ Չորադիմացկուն կերաբույս է։ Օգտագործվում է նաև որպես սիզամարգային բույս՝ ֆուտբոլի և թենիսի խաղադաշտերը կանաչապատելու համար։
Տարածվածությունը Հայաստանում
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է բաց լանջերին, գետափերին, ճամփեզրերին։ Մոլախոտ է։ Աղբոտում է ցանքերը և այգիները։