Վարսակ. ՀՀ Բույսեր

Վարսակ (լատ.՝ Avena), կոտշուկ, վարճոխ, դաշտավլուկազգիների (հացագգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ:

Բուսաբանական նկարագիր
Արմատը փնջաձև է։ Ցողունը կանգուն, հանգուցավոր ծղոտ է, բարձրությունը ՝ 60-120 սմ։ Տերևները նշտարաձև են, մերկ։ Ծաղկաբույլը ցրված կամ կողքի թեքված հուրան է, ծաղիկները՝ երկսեռ, գտնվում են հասկիկներում։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը թեփուկավոր կամ մերկ հատիկ է։ Հատիկի մակերեսը ծածկված է երկար, բարակ, միմյանց սեղմված մազմզուկներով։ Վարսակ հատիկակերային բույս է։ Ծաղկաբույլը մինչև 25 սմ երկարության հուրան է, ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին։ Տերևները գծային են, հերթադիր, անհարթ` 20-45 սմ երկարությամբ, 8-30 մմ լայնքով։ Հատիկը, ինչպես եւ ցորենի, գարու, աշորայի հատիկները ունի ակոսիկ, սակայն ցորենի եւ գարու ծաղկաբույլերն ունեն հասկի տեսք։

Դասակարգում
Հայտնի է 25 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում վայրի վիճակում տարածված է 6 (7) տեսակ՝ խրփուկ (A. fatua), վարսակ Լյուդովիկի (A. ludoviciana), վարսակ մորուս ավոր (A. barbata) և այլն։ Հանդիպում է Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ճամփեզրերին, թփուտներում, դաշտերում, աղբոտ վայրերում և որպես մոլախոտ՝ ցանքերում։ Մշակության մեջ տարածված է վարսակ ցանովին (A. sativa)։

Կիրառում և նշանակություն
Օգտակար նյութերի բազմազանությունը, դրանց բավարար քանակությունը և համաչափությունը թույլ են տալիս օգտագործել վարսակի հատիկը, օսլան, փաթիլները բազմաթիվ հիվանդությունների դեպքում. որպես դիետիկ կազդուրող սննդամթերք, մաշկային հիվանդությունների բուժման համար։

Բուժիչ հատկություններ ունի նաև խոտը և հատիկի թեփը։ Արտադրվում է վարսակի դեղատնային ոգեթուրմ, որն ունի հանգստացնող հատկություն։ Վարսակի հատիկի կալորիականությունը 370 կկալ է, փաթիլներինը` 305 կկալ, եփված վիճակում զգալիորեն ավելի քիչ` 55 կկալ։ Այս ցուցանիշով հում վարսակը քիչ է տարբերվում մյուս հատիկավոր բույսերից, սակայն եփված վիճակում զգալիորեն զիջում է բրնձին (105 կկալ) և եգիպտացորենին (90)։

Պարունակում է 11-18 տոկոս սպիտակուց։ Ամինաթթուների բաղադրությամբ առավել մոտ է մարդու մկանների սպիտակուցին։ Պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուներ լիզին եւ տրիպտոֆան, շատ կարեւոր է, որ ի տարբերություն ցորենի, գարու, աշորայի (տարեկան)` չի պարունակում «ալերգածին» (ցելիակիա) գլյուտեն։ Ճարպերի պարունակությամբ` 4-6,5 տոկոս, գերազանցում է այլ հացահատիկներին։ Վարսակում պարունակվող օսլան (40-60 տոկոս) կտրուկ չի բարձրացնում շաքարի մակարդակը արյան մեջ, քանի որ դանդաղ է յուրացվում` ապահովելով օրգանիզմը գլյուկոզայով եւ գլիկոգենով։

Վարսակը պարունակում է նաև բավարար քանակի վիտամին E - 3,4 մգ, նիկոտինաթթու (PP)- 1,1 մգ, պանտոտենաթթու (B5)-0,9 մգ, ֆոլացին (B9)-29 մկգ, պիրիդոքսին (B6)-0,27 մգ, ռիբոֆլավին (B2)-0,11 մգ, վիտամին K։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում