Սրոհունդ. ՀՀ Բույսեր

Սրոհունդ (լատ.՝ Hypericum), սրոհունդազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 300 (այլ տըվյալներով՝ 200) տեսակ։

Հայաստանում
ՀՀ-ում՝ 11 տեսակ՝

  • Սրոհունդ անհարթ (H. scabrum),
  • Սրոհունդ սրածայր (H. acutum),
  • Սրոհունդ խոցված (H. perforatum),
  • Սրոհունդ ալպիական (H. alpestre) և այլն։

Տարածում
Տարածված է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ամենուրեք, ժայռաճեղքերում, կիրճերում, անտառեզրերին, մարգագետիններում, աղբոտում հացաբույսերի, խոտաբույսերի ցանքերը։

Հայկական տարանունները
Արևքուրիկ, եզնածաղիկ դաշտի, թեյի ծաղիկ, հազարածաղիկ, հայֆարիզոն, հիպերիկոն, հոտմոտ, մկան աղիք, մշահամուկ, պոպղակ։

Աճում է չոր և լուսառատ տարածքներում, անտառային և անտառատափաստանային գոտիներում, ծովի մակերևույթից մինչև 2300 մ բարձրության վրա՝ հաճախ տալով ցրված բուսուտներ։ Սովորական, բծավոր, կոշտամազավոր, նրբագեղ և այլ տեսակներից գիտական բժշկության մեջ ճանաչում է գտել միայն սովորական սրոհունդը, իսկ մյուս բոլոր տեսակները օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ։ Մեր հանրապետությունում սովորական սրոհունդը առատ պաշարներով հանդիպում է գրեթե ամենուր։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը կանգուն է, ողորկ, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 15-100 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, ձվաէլիպսաձև կամ լայն օվալաձև, լուսաթափանց կետավոր գեղձիկներով։ Ծաղկաբույլը հուրանաձև է, վահանաձև կամ ողկուզանման, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը բազմասերմ տուփիկ է։ Սերմերը մանր են, փայլուն, դարչնագույն։

Նշանակություն

Սրոհունդի շատ տեսակներ դեղաբույսեր են։ Պատրաստուկները (ջրաթուրմ, ոգեթուրմ, մզվածք) օգտագործում են որպես աղաղող, հակաբորբոքային, միազամուղ, լեղամուղ, վերքամոքիչ, ճիճվամուղ միջոց, նաև բերանաբորբերի, նյարդ, լարվածության, այրվածքների ժամանակ։ Խոցված սրոհունդից ստացվել է նովոիմանին հակաբիոտիկը։ Սրոհունդի տերևներն օգտագործում են «Սրոհունդ» օղու արտադրության մեջ, նաև որպես համեմունք, թեյին փոխարինող միջոց և այլն։ Սրոհունդիի որոշ տեսակներ թունավոր են գյուղատնտեսական կենդանիների համար։

Մեղրատու է և գեղազարդիչ։ Ունի ֆիտոնցիդային հատկություն։

Սրոհունդ էլեոնորային (H. eleonorae) Հայաստանի բնաշխարհիկ է, հանդիպում է Սյունիքի (Խուստուփ լեռ) վերին լեռն, գոտու կրաքարային ուղղաբերձ ժայռաճեղքերում,
իսկ Սրոհունդ գեղատեսը (H.formosissimum)՝ Վայոց ձորի (Արենի և Խաչիկ գյուղեր) կրաքարային ժայռերի խոնավ, հատուկ քիմիական կազմ ունեցող հատվածներում։ Երկու տեսակներն էլ գեղազարդիչ են։
Սրոհունդիհ հայկականը (H. armenum) աճում է Սյունիքի մարզի միջին լեռն, գոտու կավոտ լանջերին։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Բժշկության մեջ
Բուժման նպատակով օգտագործվում է դեղաբույսի վերգետնյա մասը, որը մթերում են ծաղկման ընթացքում՝ մինչև պտղակալելը, կտրելով մկրատով կամ մանգաղով, առանց ցողունային կոշտ մասերի։ Հումքը չորացնում են տանիքում, լավ քամհարվող տեղում, կախած կամ փռած վիճակում։ Չոր հումքը, որը կազմում է նախնականի 25%-ը, փշրում են, հեռացնում կոշտ մասերը և պահում թղթով փաթաթած, տուփերի մեջ։ Մթերման ժամանակ պետք է թողնել առանձին բույսեր՝ սերմացուի համար, իսկ բույսն արմատահան անել բոլորովին անթույլատրելի է։ Չոր հումքը պետք է ունենա բնականին մոտ տեսք, բալասանային հոտ, դառը, տտիպ համ։ Այն պիտանի է օգտագործման շուրջ 3 տարի։

Դեղաբույսը լայն կիրառում ունի նաև հոմեոպաթիայում։

Քիմիական կազմ
Բույսը պարունակում է 10-12% դաբաղանյութեր, ներկանյութեր (հիպերիցին, պսևդոհիպերիցին), խեժանյութեր, 5-6% անտոցիաններ, սապոնիններ, գլիկոզիդ, հիպերոզիդ, C վիտամին, ռուտին, նիկոտինաթթու, կարոտին, խոլին, ալկալոիդների հետքեր, կվերցիտրին, իզոկվերցիտրին, կվերցետին, 0,2-0,3% եթերայուղ, որն իր հերթին պարունակում է տերպեններ, սեսկվիտերպեններ, իզովալերիանաթթվի բարդ եթերներ, ցերիլ սպիրտ և այլն։

Պատմություն
Դեղաբույսն ունի կիրառման հին պատմություն։ Նրա մասին դեռևս նշել են Հիպոկրատը, Պլինիոսը և Դիոսկորիդը, իսկ միջնադարում՝ Պարացելսը և Տաբերնեմոնտանուսը, որոնք օգտագործել են այն տարբեր հիվանդությունների ժամանակ։ Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ճանաչվել է որպես հրաշագործ միջոց և նույնիսկ ընդունված է եղել այն հավատը, որ «տեր աստծո կողմից տրված այս զենքն ուղղված է կախարդների ու սատանաների դեմ». ահա թե ինչու սրոհունդը ժողովուրդն անվանում է նաև «աստվածային», «աստծո ողորմություն»։

Ավիցեննան սրոհունդի սերմերի յուղը՝ կաթիլների ձևով, օգտագործել է մանկական պրակտիկայում՝ լսողության խանգարումների ժամանակ։ Նա դեղաբույսը ճանաչել է որպես վերքամոքիչ, ցավազրկող և միզամուղ, այդ իսկ պատճառով այն օգտագործել է դժվար լավացող խոցերի և վերքերի, նստաներվի բորբոքումների ժամանակ և այլն։ Մ. Հերացին դեղաբույսն օգտագործել է ջերմերի և փորկապության ժամանակ, իսկ Ամիրդովլաթը («հայը ֆարիղոն», «հոռմցի տատի» և այլ անուններով) օգտագործել է այրվածքների, դեղնուկի, դժվարամիզության, ուռուցքների, ջերմության բարձրացման, կոնքացավի ժամանակ և այլն։ Այնուհետև բժշկապետը նշում է, որ բույսի սերմերն օժտված են հակաբեղմավորիչ և վիժեցնող հատկություններով։

Դեղաբույսը Հնդկաստանում օգտագործվում է որպես որդամուղ։ Հին Ռուսիայում ժողովրդական հեքիմները գտնում էին, որ «ինչպես առանց ալյուրի հաց չի կարելի թխել, այնպես էլ առանց սրոհունդի հնարավոր չէ բուժել մարդկանց և կենդանիների բազմաթիվ հիվանդություններ». նրանք սրոհունդը համարում էին «99 հիվանդությունների դեղաբույս», օգտագործելով ռևմատիզմի, գոտկանյարդի բորբոքման, պոդագրայի, արյունախխումով ընթացող թոքային պալարախտի, կանացի արյունահոսությունների, սպիտակաթորանքի, թութքի, լյարդի հիվանդությունների, մաստոպաթիայի, ֆուրունկուլյոզի ժամանակ և այլն։ Ուզբեկական ժողովրդական բժշկության մեջ որպես հատուկ դեղամիջոց, սրոհունդն օգտագործվել է լյարդի և ստամոքսի քաղցկեղի ժամանակ։ Ղազախները սրոհունդն անվանում են «ջեռաբայ», այսինքն՝ վերքամոքող և դեղաբույսը լայնորեն կիրառում են այդ առումով։ Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է լեղուղիների, մասնավորապես լեղաքարային հիվանդությունների, քրոնիկական էնտերոկոլիտների, էնուրեզի ժամանակ և այլն։ Չեխական ժողովրդական բժշկության մեջ սրոհունդով բուժում են թարախային վերքերը. այն լայնորեն օգտագործում են շնչուղիների, լեղուղիների և մարսողական տրակտի բազմաթիվ հիվանդությունների ժամանակ։ Լեհաստանում սրոհունդը համարվում է հեմոստատիկ և վերքամոքիչ միջոց. օգտագործում են նաև փորկապությունների, նևրասթենիայի, նևրալգիաների, գլխացավերի և անքնության դեպքերում։

Հետաքրքիր փաստեր
Սրոհունդն օֆիցինալ է մեզ մոտ և մի շարք այլ երկրներում։ Ֆարմակոլոգիական հետազոտությունները պարզել են, որ բույսի թուրմը կամ մզվածքը՝ ներերակային սրսկման ձևով, խթանում են սրտի աշխատանքը, ուժեղացնում նրա կծկման ամպլիտուդը, բարձրացնում արյան ճնշումը և սեղմում անոթները։ Այն կիրառվում է բժշկության տարբեր բնագավառներում ինչպես գալենյան, այնպես էլ նորագալենյան պատրաստուկների ձևով։ Հիմնավորված է, որ սրոհունդի դեղամիջոցները՝ ջրաթուրմի, եփուկի, ոգեթուրմի, մզվածքի և այլ ձևերով, ունեն ուժեղ մածող, ախորժակը լավացնող, հեմոստատիկ, լեղամուղ, հակամիկրոբային, հյուսվածքների ռեգեներացիան խթանող, հականեխիչ և հակաբորբոքիչ հատկություններ։ Դրանք՝ ներքին ընդունման ձևով, դրական են անդրադառնում քրոնիկական գաստրիտների, խոցային հիվանդության, էնտերոկոլիտների, լեղաքարային հիվանդության, ցիստիտների և բազմաթիվ այլ հիվանդությունների բուժման ընթացքի վրա։

Իմանինը և նովոիմանինը, որպես հակաբիոտիկներ, սինթեզվել են սրոհունդից և առաջարկվել Ուկրաինական գիտությունների ակադեմիայի կողմից՝ պրակտիկ կիրառման համար։ Շնորհիվ այդ պատրաստուկների հակամիկրոբային ներգործության, դրանք կիրառվում են վիրաբուժության մեջ՝ ինֆեկցված վերքերի, կարբունկուլի, մատնաշնչի, ֆուրունկուլյոզի, մաստիտների, այրվածքների ժամանակ և այլն։ Կրծքային վիրաբուժության մեջ այս դեղամիջոցների կիրառումը, հատկապես երեխաների մոտ, տալիս է հրաշալի արդյունք։ Ուշագրավ է այն, որ նովոիմանինը ներգործում է անգամ հակաբիոտիկակայուն այն ստաֆիլակոկերի վրա, որոնք ետվիրահատական շրջանում մեծ դժվարությունների առաջ են կանգնեցում մասնագետներին (Մոսկովեց Սրոհունդ)։

Մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում այս պատրաստուկները կիրառվում են մաստիտների, պտուկների ճաքվածքների, ստոմատոլոգիայում՝ խոցային ստոմատիտների, գինգիվիտների և ալվեոլյար պիորեայի, քիթ-ականջ-կոկորդի բնագավառում՝ ռինիտների, ֆարինգիտների, լարինգիտների, հայմորիտների, տոնզիլիտների, օտիտների, մաշկային հիվանդությունների մեջ՝ երկար ժամանակ չլավացող խոցերի, ինչպես նաև 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքների ժամանակ։ Իմանինը և նովոիմանինը բաց են թողնվում փոշու ձևով։ Դրանցից պատրաստում են լուծույթներ, որոնք օգտագործվում են ողողումների, լվացումների, տամպոնների, ինհալացիայի ձևով և այլն։

Պարզվել է, որ այս դեղամիջոցների ազդեցության տակ արագ չորանում է վերքի մակերեսը, վերանում ախտածին միկրոֆլորան, լավ արտահայտվում հյուսվածքների գրանուլացիան։ Ստոմատոլոգիայում գինգիվիտներն ու ստոմատիտները բուժելու համար կիրառում են նաև «սրոհունդի յուղը», որը նախ չի գրգռում հյուսվածքները և ամենակարևորը՝ արդյունքով բոլորովին չի զիջում բուժման մեջ այս ուղղությամբ լայն ճանաչում գտած ռատանիային։

Ա.Դ. Վիզիրը և Վ.Ն. Գրուշան՝ սրոհունդը խառնելով այլ դեղաբույսերի հետ, թթվածնային կոկտեյլի ձևով, այն օգտագործել են խոցային հիվանդության բուժման ժամանակ։ Բուժման կուրսն ավարտելուց հետո (որը տևել է 2-3 շաբաթ) նրանք արձանագրել են հիվանդների մեծամասնության ստամոքսի սեկրետամոտոր ֆունկցիաների նորմալացում։

Սրունքի տրոֆիկ խոցը բուժելու նպատակով Ա.Բ. Սելիսկին 1 մաս սրոհունդը ջրաբաղնիքում 3 ժամ եռացրել է 10 մաս ավտոլի կամ բուսայուղի մեջ, որից հետո այն քամել է ու ստացված յուղամզվածքի 85 գ-ին ավելացրել 3 գ. ցինկի օքսիդ և 12 գ. ստեարին։ Այս քսուքի կիրառումից հեղինակը ստացել է լավ արդյունք։

Կ.Բ. Բալիցկին՝ համահեղինակներով, դեղաբույսի ջրաթուրմը՝ թրջոցալաթի ձևով օգտագործել է կրծքագեղձի պնդացումների և ուռուցքների ժամանակ։ Ըստ Վ. Շյոնենբերգերի, սրոհունդը վերականգնում է օրգանիզմի կորցրած ռիթմը և հավասարակշռությունը, վերացնում ընկճվածությունը և նյարդայնությունը, նյարդային թուլությունը, տագնապային վիճակը և նյարդային հողի վրա առաջ եկած հյուծվածությունը։ Այն օգնում է ցնցումային վիճակին, կարգավորում կանանց դաշտանը։

Մեր կողմից սրոհունդը, եփուկի ձևով, օգտագործվել է քրոնիկական գերսեկրետոր և գերթթու գաստրիտով տառապող հիվանդությունների բուժման համար։ Եփուկը հիվանդներն ընդունել են 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ, ուտելուց հետո, 3-4 շաբաթ տևողությամբ, ստամոքսային չափավոր դիետայի պայմաններում։ Հիվանդների զգալի մասի մոտ դեղաբույսի օգտագուրծումից ոչ միայն լավացել են ստամոքսային սուբյեկտիվ և օբյեկտիվ տվյալները, այլև որոշ չափով թեթևացել են այն նեյրոդիստոնիկ երևույթները (ընդհանուր անհանգիստ վիճակ, ջլային բարձր ռեֆլեքսներ, արտահայտված կարմիր դերմոգրաֆիզմ, ակրոցիանոզ, քրտնոտություն, վերջույթների դող և այլն), որոնք հաճախ ուղեկցում են մարսողական տրակտի քրոնիկական հիվանդություններին։

Կիրառման եղանակներ
Ջրաթուրմ պատրաստելու համար 3 ճաշի գդալ մանրացրած սրոհունդը լցնում են 250 մլ եռման ջրի մեջ, թրմում 2 ժամ, ապա ըմպում 1/3-ական բաժակ՝ օրական 3 անգամ։ Կամ 10 գ. հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ըմպում նույն եղանակով։ Եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ ջրում եռացնում են 10 րոպե, հովացնում, քամում, ապա ըմպում 1/3-ական բաժակ՝ օրական 3 անգամ, ուտելուց հետո։ Ջրիկ մզվածք պատրաստելու համար 20 գ հումքը 400 մլ ջրում եռացնում են մինչև նրա կիսվելը, ապա քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ, ուտելուց հետո։ Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը՝ 1։10 հարաբերությամբ, խառնում են 70° սպիրտի հետ, թրմում 1 շաբաթ, քամում ու ըմպում 30-40-ական կաթիլ՝ օրական 3 անգամ։ Կամ՝ 15-20 գ. հումքը մեկ շաբաթ թրմում են 1-2 լ 70° սպիրտի մեջ, քամում, ապա ընդունում ջրով, 30-ական կաթիլ՝ օրական 3 անգամ՝ ուտելուց հետո (ցիստիտների, կոլիտների և լեղաքարային հիվանդության ժամանակ, ինչպես նաև, բերանի ողողման համար)։

Հումքից նույն ձևով պատրաստում են ոգեթուրմ սովորական օղու մեջ՝ 1։5-ի հարաբերությամբ։ Քսուք պատրաստելու համար 1 մաս ոգեթուրմը խառնում են 4 մաս կովի կարագի հետ։ «Սրոհունդի յուղ» պատրաստելու համար վերցնում են 500 գ թարմ հումք, ավելացնում 1 լ արևածաղկի յուղ և 0,5 լ սպիտակ գինի, թրմում 3 օր, ապա գոլորշիացմամբ լուծույթից անջատում գինին։ Ստացված դեղամիջոցն օգտագործում են խոցային հիվանդության ժամանակ, 1-ական ճաշի գդալ, քաղցած վիճակում կամ ուտելուց 3-4 ժամ հետո, 1-2 ամիս տևողությամբ։ Այս յուղը միաժամանակ օգտագործվում է վերքերի, մաշկային խոցերի և պառկելախոցերի բուժման նպատակով։

Կամ՝ 1 ճաշի գդալ ծաղկաբույլին ավելացնելով 1 բաժակ բուսայուղ, շուտ-շուտ թափահարելով, թրմում են 2 շաբաթ, հետո քամում ու կիրառում մաշկային ախտահարումների ժամանակ։ Դեղաբույսի ոգեթուրմը մտնում է դեղատներում պատրաստի վիճակում բաց թողնվող կապսիտրին կոմպլեքս պատրաստուկի կազմի մեջ, որը քսման ձևով օգտագործվում է ռադիկուլիտների, նևրիտների, միոզիտների և արթրիտների ժամանակ որպես ցավ հանգստացնող և կազդուրիչ միջոց։ Իմանինը, որը բաց է թողնվում դեղատներում փոշու ձևով, կիրառվում է արտաքին՝ լուծույթների, քսուքի և ցանափոշու ձևով։ Նովոիմանինը դեղատներում բաց է թողնվում սպիրտային լուծույթների ձևով։

Թարախային, գարշահոտ վերքերի բուժման համար վերցնում են սրոհունդ, կաղնու կեղև և վաղենակ՝ 1։2։1 հարաբերությամբ, որից պատրաստում են եփուկ ու թրջոցների ձևով դնում վերքերի վրա։ Լեղուղիների բորբոքումների և քարերի առկայության դեպքում վերցնում են 40-ական գրամ սրոհունդ և անթառամ, ավելացնում 30 գ ծտապաշար, 10 գ երիցուկ և 20 գ բեկտենու կեղև։ Այս խառնուրդից 4 ճաշի գդալ լցնում են 1 լ ջրի մեջ, թողնում ողջ գիշերը, առավոտյան եռացնում 7-10 րոպե, ըմպում 1-ական բաժակ՝ օրական 5 անգամ։ Խորհուրդ է տրվում առաջին բաժակն ըմպել ուտելուց առաջ, իսկ մնացած 4-ը՝ ուտելուց հետո, 1 ժամ ընդմիջումներով։ Տևական լուծերի ժամանակ վերցնում են հավասարաչափ սրոհունդ և հազարատերևուկ։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ըմպում քաղցած վիճակում՝ օրական 2-3 անգամ։

Միզուղիների քարային ախտահարումների ժամանակ վերցնում են 25-ական գրամ սրոհունդ, ուրց և ծիծեռնախոտ։ Այս խառնուրդից 4 ճաշի գդալ 1 ժամ թրմում են 1 լ եռման ջրում, ապա ըմպում միանվագ՝ լոգանք ընդունելով հանդերձ։ Խոլեցիստիտների և խոլանգիտների ժամանակ վերցնում են 30 գ սրոհունդ, 10 գ գայլուկի ծաղիկներ, 20-ական գրամ անանուխ, օշինդր և կատվախոտի արմատ։ 3 թեյի գդալ այս խառնուրդից 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում միանվագ՝ օրական 2 անգամ։

Լյարդի ցիռոզների ժամանակ վերցնում են 20-ական գրամ սրոհունդ, հազարատերևուկ, ձիաձետ և եղերդակի արմատ։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 3 անգամ, 1 օրվա ընթացքում։ Դժվար լավացող վերքերի դեպքում վերցնում են 40-ական գրամ սրոհունդ, ձիաձետ և երիցուկ։ Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1/2 լ եռման ջրում, ապա թրջոցալաթի ձևով դնում են վերքի վրա։

Այլ օգտակար հատկանիշներ
Բույսն ունի արտահայտված ֆիտոնցիդային հատկություն։ Արտադրում է առատ ծաղկափոշի։ Որպես համեմունք օգտագործվում է ձկնեղենային ուտեստների և ոգելից խմիչքների մեջ, ինչպես նաև որպես թեյի փոխմիջոց։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում