Քնձմնձուկ. ՀՀ Բույսեր
Քնձմնձուկ (լատ.՝ Thalictrum), գնձմնձուկ, գունդատ, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի, բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 250 (այլ տվյալներով՝ 120) տեսակ։
Հայաստանում
ՀՀ-ում՝ 6 տեսակ՝
- դեղին քնձմնձուկ (Thalictrum flavum),
- փոքր քնձմնձուկ (Thalictrum minus),
- գարշահոտ քնձմնձուկ (Thalictrum foetidum) և այլն։
Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր տափաստանային, միջին և վերին լեռն, գոտիներում, անտառոտ, խոնավ վայրերում, այգիներում և այլն։ Հիմնականում մարգագետնային (նաև դաշտային) մոլախոտ է։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 10-125 սմ։ Տերևները հերթադիր են, եռմասնյա կամ փետրաբաժան։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, անշուք, կանաչակարմրավուն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։
Պտուղը բազմընկուզիկ է։ Սերմերը մանր են։
Քիմիական կազմ
Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, եթերայուղեր, վիտամին C, ներկանյութ և այլն։
Կիրառություն
Պատրաստուկներն օգտագործվում են մալարիայի, դեղնախտի, ընկնավորության, թարախային վերքերի և այլ հիվանդությունների բուժման համար։ Ունի միզամուղ հատկություն։ Թունավոր է, մեղրատու, որոշ տեսակներ գեղազարդիչ են։