Որոմ. ՀՀ Բույսեր
Որոմ (լատ.՝ Lolium), դաշտավլուկագգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 (այլ տվյալներով՝ 15-20) տեսակ։
Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում՝ 5 տեսակ՝
- որոմ պարսկական (լատ.՝ L.persicum),
- որոմ կարծր (լատ.՝ L.rigidum),
- որոմ հարբեցնող (լատ.՝ L.temulentum),
- որոմ արոտային կամ անգլիական (լատ.՝ L.perenne)
- որոմ բազմահար կամ իտալական (լատ.՝ L.multiflorum)։
Վերջին երկու տեսակները կարելի է նաև մշակել ՀՀ բոլոր մարզերում։
Տարածում
Տարածված է Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարգերի անտառային, նախալեռնային և լեռնային գոտիներում։ Աճում է մարգագետիններում, մարգագետնա-տափաստաններում, իսկ բազմահար որոմները՝ կիսաանապատային և չոր տափաստանային գոտիների ջրովի պայմաններում՝ առվույտի հետ խառը։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը մերկ է, հարթ, կանգուն, բարձր՝ 16-100 (120) սմ։ Տերևները գծաձև են։ Ծաղկաբույլը երկշարք հասկ է, հասկիկները՝ բազմածաղիկ։ Ծաղկում է հունիսի սկգբին։ Պտուղը հատիկ է։
Նշանակություն և կիրառում
Հարբեցնող որոմը թունավոր է (հատիկի կեղևի տակ համակեցությամբ ապրում է ստրոմատինիա տեմուլենտա սունկը, որն արտադրում է թեմուլին ալկալոիդ. դրա խառնուրդ պարունակող ալյուրից ստացվում է «գիժ հաց», որն առաջացնում է գլխապտույտ, քնկոտություն, գիտակցության կորուստ, ջղաձգություններ։ Որոմը չարորակ մոլախոտ է, աղբոտում է բոլոր հացահատիկային բույսերի ցանքերը։ Պայքարի միջոցները, սերմնանյութի գտում, վաղ ցրտահերկ, հերբիցիդների ամենամյա կիրառում։