Օշինդր. ՀՀ Բույսեր
Օշինդր (բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, յավշան) (լատ.՝ Artemísia) աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ։ Հայտնի է օշինդրի մոտ 300 տեսակ։
Հայկական տարանունները - ափսինդ, բարձմանեակ, բարձնակ, բարձվենյակ, բացմենակ, նգածաղիկ։
Տարածում
Տարածված Եվրոպայի, Ասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում։
ՀՀ-ում աճում է 16 տեսակ՝ սովորական, բուժիչ, բուրավետ, Տուրնֆորի, ալեհեր, դառը և այլն, ու բնաշխարհիկներ՝ հայկական, արաքսյան, Շովիցի և այլն։
Տարածված է բոլոր մարզերում՝ անապատայինից մինչև ենթալպյան գոտի։ Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում ցանքերը։ Մշակության մեջ տարածված է թարխունը, օգտագործվում է որպես համեմունքային բույս (թարմ և չորացրած)։
Նկարագրված 200 տեսակներից Կովկասում աճում են 28-ը, իսկ Հայաստանում` 15 տեսակ, որոնցից միայն մի քանիսն ունեն բուժական նշանակություն։ Մեր հանրապետությունում որպես մոլախոտ օշինդրը հանդիպում է բոլոր գոտիներում։ Խառը բուսուտների ձևով աճում է շենքերի մոտ, ճամփեզրերին, աղբուտներում, խամահողերում, ցանքերում, ձորալանջերին, թփուտներում, այգիներում` հաճախ բարձրանալով ծովի մակերևույթից 1400-2500 մ բարձրության վրա։
Կենսաբանական նկարագիր
Օշինդրի ցողունը ճյուղավորվող է, կանգուն կամ վեր բարձրացող, բարձրությունը՝ 20-150 սմ, թեթևակի թավոտ, ստորին մասում՝ փայտացած։ Ցողունները և տերևները գորշ արծաթավուն են և ծածկված են մանր մազմզուկներով։ Տերևները կրկնակի, եռակի փետրաբաժան են, արծաթավուն։ Ցողունի վերին մասի տերևները մանր են, հերթադիր, կանաչավուն, արմատամերձերը՝ ավելի խոշոր, մոխրագույն։
Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնավուն կամ կարմրավուն՝ փոքրիկ զամբյուղներում։ Ծաղկում է հունիս-հոկտեմբերին։ Պտուղը սերմիկ է։ Օշինդրի մեկ բույսը կարող է տալ 100 հազար (երբեմն՝ 150 000) սերմ։ Օշինդրն ունի յուրահատուկ սուր հոտ և դառը համ։ Օշինդրը համարվում է երկրագնդի ֆլորայի ամենադառը բույսերից մեկը։
Քիմիական կազմ
Դառը և բուժիչ օշինդրները դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, եթերայուղեր, թթուներ, վիտամիններ և այլն։ Բույսի մեջ հայտնաբերվել են 0,5-2% կապտականաչավուն եթերայուղ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդ արտեմետին, կվեբրախիտ, լիգնաններ, ֆիտոնցիդներ, սադաթթու, խնձորաթթու, քացախաթթու, պալմիտինաթթու, իզովալերիանաթթու, կալիումական աղեր, սպիրտներ, օսլա, խեժ, խամազուլեն, վիտամիններից` K, B6, C, կարոտին, արմատներում` ինուլին։
Եթերայուղը միատարր չէ, այն իր հերթին պարունակում է տույիլ սպիրտ, ածխաջրածիններից` տույոն, պինեն, կադինեն, ֆելանդրեն, բիզաբոլեն և այլն, սեսկվիտերպենային լակտոններ (դառնահամ աբսինթին և անաբսինթին), այդ թվում նաև մոնոցիկլիկ կետոլակտոններ և ազուլինոգեն, սեսկվիտերպենային գվայյանոլիդներ։
Կիրառություն
Պատրաստուկները (մզվածք, թուրմ) օգտագործում են որպես ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, ճիճվամուղ միջոց՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, նաև պոդագրայի, ֆուրունկուլի ժամանակ։ Հայկական օշինդրից պատրաստում են ավելներ։
Դեղաբույսը ցրտադիմացկուն է, չորակայուն, լուսասեր, պտղակալում է կանոնավոր։
Անվանում
Ցեղի «Արտեմիզիա» անվանումը հունարեն «արտեմես» բառից է, որը նշանակում է «առողջ»։ Ոմանք այդ անունը կապում են Մավզոլ թագավորի կնոջ` Արտեմիզիայի անվան հետ, որն իբր, ըստ Պլինիոսի, բուժվել է այս բույսով։
Ուրիշներն այդ անունը կապում են հունական աստված Արտեմիսի հետ։ «Աբսինթիում» հունարեն նշանակում է «տհաճ»` ելնելով բույսի տհաճ դառնությունից։
Բժշկության մեջ
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը։ Տերևները մթերում են մինչև բույսի ծաղկելը, իսկ ծաղկաբույլերը` մինչև ծաղիկների բացվելը։ Հումքը չորացնում են թիթեղյա ծածկով տանիքում, փռված կամ կախված վիճակում։ Չոր հումքը պահում են պարկերի մեջ, 3 տարի ժամկետով։ Այն կազմում է նախնականի 24-25 %-ը։
Դեղաբույսն ունի բուժական կիրառման վաղնջական պատմություն։ Դեռևս Պլինիոսն այն օգտագործել է խպիպի դեպքում և նշել, որ եթե ոտքերին կապեն օշինդր, ապա վերանում է հոգնածությունը։ Լոնիցերուսը առաջարկել է ուտելիքին ավելացնել օշինդր, որպեսզի ուժեղանա ստամոքսը, լավանա մարսողությունը և թույներն ու լեղին դուրս գան օրգանիզմից։ Ավիցեննան դեղաբույսը համարել է լեղամուղ, միզամուղ, հակաջերմային, դաշտանը կանոնավորող և ստամոքսի գործունեությունն ուժեղացնող միջոց։ Օշինդրը` գինու հետ խառնված, նա առաջարկել է ուղիղ աղու ճաքվածքի և թութքի, իսկ բրնձի և մեղրի հետ` ճիճվակրության, սնկային թունավորումների, աչքի և ականջի հիվանդությունների և որոշ ուռուցքների ժամանակ։ Մեծ գիտնականը նշել է նաև, որ եթե բույսը խառնվի թանաքին, վերջինս ամուր կլինի և թղթից պոկ չի գա, իսկ շորի մեջ դնելուց` այն վանում է ցեցին։
Մ. Հերացին դեղաբույսն` առանձին կամ խառնուրդների ձևով, նշանակել է լյարդի և փայծաղի խցանումների, ստամոքսի ուռուցքի, ջրգողության, հեպատիտների, գլխացավերի, աչքի և ոսկրերի հիվանդությունների, մալարիայի, ձգձգվող ջերմերի և այտուցների ժամանակ։
Բժշկապետն օշինդրը համարել է ստամոքսը կազդուրող և տոնուսավորող միջոց։ Ամիրդովլաթը, բացի վերոհիշյալ դեպքերից, դեղաբույսը տարբեր ձևերով ու եղանակներով օգտագործել է կլոր և տափակ որդերի, լեղաքարերի, մաշկային խոցերի, ասթմայի, ստամոքսացավերի, ստամոքսի խոցի, բքնածության, կարիճի կծածի, արճիճով թունավորման դեպքերում։ Ըստ բժշկապետի, դեղաբույսը` մեղրի հետ տալով, օգնում է դեղնուկին և կաթվածահարին, ականջի ցավին, չի թողնում որ մարդ շուտ հարբի ալկոհոլային խմիչքներից, լավացնում է լսողությունը, բացում միզակապությունը, դաշտանը, ամոքում թութքը, լավացնում երեսի գույնը։ Ամիրդովլաթի մեջբերումներով, Մատային օշինդրն օգտագործել է ատամների ոսկրափուտի, Սահակը` նողկանքի և դաշտանի ետպահումների, Արճիճանիսը` ստամոքսասրտային ցավային վիճակի, Մասրճուեն` փսխման և վիժումների, Ըռուֆոսը` մաստիտների, Էհանան` բորբոքական ջերմերի ժամանակ և այլն։
Ղ. Ալիշանի մեջբերումով, հայկական հին բժշկարաններում նշվում է, որ օշինդրի ծաղիկները` եփուկի ձևով, օգնում են արյունալուծին, ջարդվածքներին, հետանցքի շրջանի ցավերին, դժվարամիզությանը, թունավորումներին, գազանահարին, կարիճահարին։ Ծխելուց` տան միջից փախցնում է սողուններին, նշի յուղով կաթեցնելով ականջի մեջ` կտրում է վերջինիս ցավը։ Իսկ հայկական այլ աղբյուրներում նշվում է նաև, որ դեղաբույսն օրգանիզմից հանում է մաղձը, մաքրում ստամոքսը, օգնում այտուցներին և բարձր ջերմությանը, լյարդի և երիկամների հիվանդություններին, ռևմատիզմին, քոսին, քորին, միգրենին, ականջի թարախային բորբոքումներին, մեղրի և գինու հետ կիրառելուց` առաջացնում է քուն։
Սալերնյան կոդեքսի տվյալներով, օշինդրը մայրն է բոլոր խոտաբույսերի։ Եփուկի ձևով, նշված է կոդեքսում, դեղաբույսը բացում է դաշտանը, վերացնում փորկապությունը և բքնածությունը, միզամուղ է, ընդունակ է դուրս բերելու միզաքարերը։ Գինու հետ ընդունելիս` օգնում է դեղնուկին, ափիոնով թունավորվածին, ամրապնդում ստամոքսը։ Դեղաբույսն ունի նաև հագուստը ցեցից պաշտպանելու հատկություններ։
Այլ ազգերի ժողովրդական բժշկության մեջ բույսի թարմ հյութն օգտագործում են վերքերը վարակազերծելու, արյունահոսությունը դադարեցնելու և դրանց հետագա բուժման համար։ Թարմ, տրորված տերևները օգտագործում են արտաքին ձևով` սալաջարդերի, հոդախախտումների և ջլերի պրկման ժամանակ` որպես հուսալի ցավազրկող միջոց։ Ներքին ընդունման ձևով դեղաբույսն օգտագործվել է որպես ախտահանիչ միջոց խոլերայի, իսկ այլ դեղաբույսերի հետ` ալկոհոլիզմի ժամանակ։
Գիտական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է թերսեկրետոր բնույթի քրոնիկական գաստրիտների դեպքում` ախորժակը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև ծանր հիվանդություններից հետո օրգանիզմի ուժերը վերականգնելու համար։ Դեղաբույսն օժտված է ուժեղ ֆիտոնցիդային ակտիվությամբ։
Օշինդրի ներգործության շնորհիվ ոչ միայն կարգավորվել են ստամքսի վերոհիշյալ կարևոր ֆունկցիաները, այլև հիվանդների արյան պատկերը, մասնավորապես էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակները։ Այս հարցում, անշուշտ, կարևոր դեր են խաղացել գաստրոմուկոպրոտեինները, որոնց քանակը, բուժման շնորհիվ, նորմալանում է։
Այլ օգտակար հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օշինդրն օգտագործվում է որպես համեմունք որոշ ճաշատեսակների, իսկ եթերայուղը` սպիրտային խմիչքների արտադրության մեջ։ Ընտանի կենդանիներն ուտում են սակավ, իսկ սիլոսի ձևով` բավական լավ։ Այս դեպքում կաթն ունենում է օշինդրի համ ու հոտ։ Բույսը լավ ուտում են ճագարները, կտորեղենը ներկում է կանաչի տարբեր երանգներով։