Կանթեղախոտ. ՀՀ Բույսեր

Կանթեղախոտ (լատ.՝ Chelidonium), ծիծեռնախոտ, հողմափայտ, մամիրան, ծիծղան ծաղիկ, կակաչազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ կանթեղախոտ մեծ (C. majus)։

Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում hանդիպում է Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է անտառներում, այգիներում, բանջարանոցներում, ստվերոտ տեղերում, բնակավայրերի մոտ։ Մոլախոտ է։

Նկարագրություն
Ցողունը ճյուղավորվող է, քառանիստ՝ մազիկներով ծածկված, բարձրությունը՝ 30-100 սմ։ Տերևները հերթադիր են, փետրաբաժան, վերին մասը՝ կանաչ, ստորինը՝ թխակապույտ։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ ոսկեդեղին։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը երկփեղկ, պատիճանման տուփիկ է, սերմերը՝ սև կամ սև-ձիթապտղագույն։ Ունի սուր, տհաճ հոտ։ Դեղաբույս է, օգտագործվում է գիտ. և ժողովրդական բժշկության մեջ։

Քիմիական բաղադրություն
Պարունակում է (բոլոր մասերը) խելիդոնին, մեթօքսիխելիդոնին, սանգվինարին, պրոտոպին, հոմոխելիդոնին, ստիլոպին և այլ ալկալոիդներ (որոնց քանակը բույսի մեջ հասնում է մինչև 1, 87%), եթերայուղ, վիտամին A, ֆիտոնցիդներ, թթուներ, սապոնիններ, միջատասպան նյութեր, կաթնահյութ, ճարպայուղ, ֆերմենտ, մակրո և միկրոտարրեր և այլն։ Պատրաստուկները (թուրմ, մզվածք, հյութ, թարմ զանգված, փոշի և այլն) կիրառում են ջրգողության, միզուղիների հիվանդությունների, մալարիայի, ռևմատիզմի, պոդագրայի, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, թութքի, թոքաբորբի, նաև մաշկ, տարբեր հիվանդությունների (գորտնուկ, խոց, քոս, պալարախտ, գունակային բծեր և այլն) ժամանակ։ Կաթնախոտը նաև տեխնիկական բույս է արմատներից ստանում են դեղին ներկ իսկ սերմերից՝ ճարպայուղ, որը կիրառվում է մետաղները կոռոզիայից պաշտպանելու համար։

Թունավոր է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում