Նարգիզ. ՀՀ Բույսեր
Նարգիզ (լատ.՝ Narcissus), նարցիս, շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր խոտաբույսերի ցեղ:
Կենսաբանական նկարագիր
Նարգիզ բուսաբանական նկարազարդում գրքից Jan Copsa «Flora Batava», 1800—1934
Ծաղկակիր ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 35 սմ։ Տերևներն արմատամերձ են, նեղ գծաձև։ Ծաղիկները հիմնականում մեկական են (կան նաև ողկույզներով): Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը տուփիկ է։
Անվանում
Նարգիզը հին սանսկրիտից թարգմանաբար նշանակում է՝ «կրակի ծաղիկ» (այդպես են անվանել նաև լուսինը)։ Հնդիկները համարել են, որ այդ ծաղիկը լուսավորում է խավարը։
Հին պարսիկներն այս ծաղիկն անվանում էին չթառամող բերկրանք, իսկ հայերը՝ սարի ծաղիկ, նարգիզ։ «Narcissus» անվանումը ծագել է հունարեն «նարկաո»՝ «թմրեցնել», «շշմեցնել» բառից, իսկ poeticus անվանումը ստացել է, քանի որ դարեր շարունակ ծաղկի գեղեցկությունը գովերգվել է բազմաթիվ բանաստեղծների կողմից։
Գերմանիայում նարգիզը խորհրդանշում է սեր եւ երջանիկ ամուսնություն, նարգիզի հուռութքն ամրապնդում է փոխադարձ սերը։
Նշանակություն
Նարգիզի բոլոր տեսակները թունավոր են։ Սոխուկներն ու տերևները պարունակում են լիկորին ալկալոիդ, որն ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, ցավազրկող, նաև բրոնխային գեղձերի արտազատությունն ուժեղացնող հատկություններ։ Արգելակում է բարձրակարգ բույսերի և ծովային ջրիմուռների բջիջների բազմացումն ու աճը։ Նարգիզների որոշ տեսակներ պարունակում են եթերային յուղեր, իսկ կոճղարմատները՝ ալկալոիդներ, որի պատճառով դրանք լայնորեն օգտագործվում են օծանելիքի արտադրության եւ բժշկության մեջ։ Նարգիզների մեծ տրցակի առկայությունը ննջասենյակում կարող է նյարդային մարդկանց մոտ գլխացավ առաջացնել։ Բուժական նպատակներով օգտագործվում են խոտաբույսի կոճղարմատները, որոնց պատրաստուկներն ունեն հակաբորբոքային, մանրէասպան, վերքամոքիչ ազդեցություն։
Տեսակներ
Հայտնի է մոտ 60 տեսակ։ ՀՀ-ում բնության մեջ չի հանդիպում։ Մշակվում են բազմաթիվ սորտեր՝ վառ դեղին, սպիտակ, խոշորածաղիկ և այլն, որոնք աճեցվում են պուրակներում, պարտեզներում, կիրառվում ծաղկային ձևավորումներում։