Պատատուկ. ՀՀ Բույսեր

Պատատուկ (լատ.՝ Convolvulus), պատատուկազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 180 (այլ տվյալներով՝ 250) տեսակ։

Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում՝ 6 տեսակ՝ պատատուկ

  • Կալվերտի (Convolvulus calvertii),
  • պատատուկ փոփոխական (C. commutatus),
  • պատատուկ դաշտային (Convolvulus arvensis),
  • պատատուկ ասեղնատերև (Convolvulus lineatus) և այլն։

Տարածում

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ վայրերում, խճային ավազուտներում, անտառներում, թփուտներում, այգիներում, որպես մոլախոտ (դաշտային պատատուկ)՝ ցանքսերում։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը փաթաթվող է կամ ուղղաձիգ, երկարությունը՝ մինչև 1 (1,5) մետր։ Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջաեզր, նետասլաքաձև, ձվաձև։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը երկբուն, քառափեղկ տուփիկ է։

Քիմիական կազմ

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, աղանյութեր, սապոնիններ, կարոտին (A- նախավիտամին), ֆենոլկարբոնային թթուներ, վիտամիններ՝ C, E։

Բժշկության մեջ

Պատրաստուկներն օգտագործվում են լեղապարկի, լյարդի, ստամոքսաղիքային համակարգի և այլ հիվանդությունների բուժման ժամանակ, նաև որպես հակաբակտերիային, հակաուռուցքային, ջերմիջեցնող միջոց։

Կալվերտի պատատուկը (հանդիպում է Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի գիհու նոսրանտառներում, չոր, խիստ քարքարոտ, խճային կամ կրային լանջերին) և փոփոխական պատատուկը (հանդիպում է Շիրակի և Երևանի մարզերի ստորին լեռն, գոտիների չոր, քարքարոտ լանջերին) գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում