Հնդկացորեն. ՀՀ Բույսեր
Հնդկացորեն (լատ.՝ Fagopyrum) հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Միամյա և բազմամյա խոտաբույսեր են, նման մատիտեղ ցեղին, բայց ծաղկապատը չի մեծանում։ Տեսակներից են հնդկացորեն մշակովի (F. esculentum) – ցողունը ցածր է կարմիր։ Ծաղկաբույլերը ծոցային են, ծաղիկները երկսեռ են, տարբերասռնակ, հոտավետ։ Առէջները 8-ն են, վարսանդն ունի 3 սռնակ։ Պտուղը թուխ է, սերմը՝ օսլային։ հնդկացորեն թաթարական (F. tataricum)։ Ծաղիկները բազմերանգ են, բուրումնավետ։ Ծաղկահյութի արտադրությունը բարձր է առավոտյան ժամերին` մինչև կեսօր, երաշտի ժամանակ գրեթե դադարում է։ Բույսը պտղաբերում է օգոստոսին, բերքի քանակը մեծապես կախված է մեղուների այցելությունների քանակից։ Եթե մոտակայքում չկան մեղվափեթակներ, ապա բերքատվությունը կնվազի մոտ երեք անգամ։ Չորս հազար քառակուսի մետր ցանքատարածքի լիարժեք փոշոտման համար բավարար է մեկ ուժեղ մեղվաընտանիք։ Սակայն, ցավոք, պետք է նշել, որ վերջին տարիներին Երկիր մոլորակի բազմաթիվ երկրներում գրանցվում է մեղուների զանգվածային «անհետացում»։ Պատճառները ակնհայտ են։ Այնուամենայնիվ, ՀՀ-ում ուժեղ մեղվաընտանիքների թիվը կարծես թե ավելացել է։
Քիմիական կազմը
Սերմը պարունակում է մոտ 14 տոկոս սպիտակուց, որի մեջ կան արժեքավոր լիզին և տրիպտոֆան ամինաթթուները, 70 տոկոս օսլա, 3 տոկոս ճարպ, 0,5 տոկոս շաքարներ, 1 տոկոս բջջանյութ, օրգանական թթուներ (թրթնջուկի, կիտրոնի, խնձորի)։ Հարյուր գրամ հումքի մեջ կան վիտամիններ` E-6,65 մգ, B1-0,43, B2-0,2, B6-04, B9-32 մկգ, PP-4,19 մգ, բետա կարոտին-0,006 մգ, յոդ-4 մկգ, կոբալտ 3,1 մկգ, պղինձ-0,64 մգ, ցինկ, բոր, երկաթ և այլն։
Բավարարին մոտ է կալցիումի (55 մգ), ֆոսֆորի (298), մագնիումի (78), կալիումի (380) փոխհարաբերակցությունը։ Դրական է համարվում, որ չի պարունակում գլյուտեն, չի կլանում նիտրատներ։
Բուժիչ նշանակությունը
Բուժիչ նպատակներով մթերում են բույսի ցողունի գագաթային մասը` ծաղկման շրջանում։ Պարունակում է մեծ քանակությամբ ռուտին, թթուներ (գալլի, սուրճի, քլորոգենի), կատեխինային նյութեր, ֆագոպիրին։ Պարունակվող միկրոտարրերի բազմազանության շնորհիվ հնդկացորենն օգտակար է շաքարային դիաբետի, պանկրեատիտի, խպիպի դեպքում։ Լեցիտինը նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը։
Ի տարբերություն հացահատիկային բույսերի` չի պարունակում սնձան, սակայն գերազանցում է դրանց սպիտակուցների սննդարարությամբ, հատկություններով մոտ է լոբազգիներին։ Հնդկացորենը դյուրամարս է։ Կալորիականությամբ (333-348 կկալ) չի զիջում հացահատիկային և լոբազգի (բացառությամբ արախիսի) բույսերին։ Պահպանման ժամկետն ավելի մեծ է, քանի որ ճարպը կենտրոնացած է սերմի ներքին մասում։ Հնդկացորենի բուժիչ արժեքը բարձրացնում է նիացինը (PP), այս հատկանիշով բուսական ծագում ունեցող մթերքներից զիջում է միայն արախիսին, հավասար է ծիրանաչրին։
Թունավոր հատկություններ
Բույսի կանաչ մասը ուտելի չէ, պարունակում է թունավոր նյութեր։ Սերմը բարձրացնում է արյան մակարդելիությունը, ավելացնում մաղձը, լորձը, առաջացնում է գազեր։ Ահա սա էր պատճառը, որ հազարամյակներ շարունակ ազնվական դասը չէր ուտում այն, այնինչ 20-րդ դարում հնդկացորենը ստացավ «Ձավարեղենի թագուհի» մակդիրը։ Որպես դիետիկ սնունդ` խորհուրդ է տրվում ուտել շաբաթական 150-250 գրամ։
Հնդկացորենի մեղր
Բույսի ծաղկման շրջանը մոտ մեկ ամիս է։ Մեղուները հավաքում են ծաղկահյութ և ծաղկափոշի։ Մեկ ծաղիկը օրվա ընթացքում արտադրում է 0,044-0,358 մգ շաքար և ծաղկահյութ։ Բարենպաստ եղանակի դեպքում մեկ մեղվաընտանիքը կարող է հավաքել 2-8 կգ մեղրի հումք։ Մեկ հեկտար հնդկացորենի մեղրատու հումքի արտադրողականությունը 100-200 կգ է։ Մեղրը ունի կարմրավուն երանգ, գույնը փոփոխական է` շագանակագույնի բաց երանգից` մինչև մուգը։ Ունի հաճելի արտահայտված բուրմունք և համ, բյուրեղացումից հետո (2-3 ամիս) առաջանում են մանր բյուրեղիկներ, որոնք կազմում են շիլայանման զանգված։
Հարուստ է երկաթով` մի քանի անգամ ավելի շատ, քան բաց գույնի տեսակներում, տարբերվում է սպիտակուցների բարձր պարունակությամբ։ Կիրառվում է անեմիայի, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային, աղեստամոքսային, մաշկային հիվանդությունների դեպքում։
Արտադրական նշանակություն
Անցյալ դարի վերջին տասնամյակներում բույսի արտադրական համաշխարհային ծավալը հետզհետե աճել է, սակայն 2005 թվականին այն նվազել է 1,82 անգամ, իսկ 2010-ին այդ բացասական ցուցանիշը հասել է 2,49-ի։ Զուգահեռաբար աճել են այս հրաշալի դիետիկ սննդամթերքի գները։
Պատմական ակնարկ
Զարմանալի պատմական անցյալ և ճակատագիր ունի այդ բույսը։ Հայրենիքը Հիմալայան լեռների արևմտյան հարթավայրերն են, մշակվում է ավելի քան չորս հազարամյակ, Պատմական Հայաստանի տարածքում` մոտ կես հազարամյակ ավելի ուշ։ Այն հնում համարել են ունդ և անվանել են «սև բրինձ»։ Արաբները բերել են այն Պիրենեյան թերակղզի, որտեղից տարածվել է դեպի իսպանական գաղութ հանդիսացող Ֆլանդրիա (Բելգիա, Հոլանդիա), որտեղ մշակվում և նույնիսկ արտահանվում է նորագույն ժամանակաշրջանում։ Հետաքրքիր է, որ ռուսներն անվանում են բույսը «գրեչիխա» (հունական) այնինչ հույները և իտալացիները այն անվանում են «թաթարական», իսկ բուլղարացիները` «ելդա»։
Ունդի կարգավիճակում բույսը մնացել է այնքան ժամանակ, մինչև Կարլ Լինեյը ելնելով հնդկացորենի սերմի և հաճարենու (Fagos) ընկուզիկի արտաքին նմանությունից, անվանել է այն Fagopyrum, գերմաներեն հնչում է այլ ձևով` Buchweizen, սակայն կրում է նույն իմաստը` «հաճարանման ընկույզ»։