Շուշանբանջար. ՀՀ Բույսեր

Շուշանբանջար (ղմի, քեղակարոս) (լատ.՝ Chaerophýllum), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա կամ երկամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունն ուղղաձիգ է (բարձրությունը՝ 20-160 սմ), ճյուղավորվող, ստորին մասում՝ փշանման մազմզուկներով պատված։ Տերևները փետրաձև կտրտված են։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները մանր, սպիտակ (հազվադեպ՝ վառ կարմիր), վարդագույն կամ այլ երանգի են։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը երկբաժան հատիկ է, որի մասերը կախված են պտղակրից։

Տարածում

Տարածված Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում։ ՀՀ-ում հանդիպում է շուշանբանջարի 5 տեսակ՝ ոսկեզօծ, վարդագույն, խոշորապտուղ, երկարամազ, սոխուկավոր (պալարակիր) կամ մանդակ՝ տարածված Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի և այլ մարզերի անտառներում, բացատներում, անտառեզրերին, լեռների խոտածածկ լանջերին, թփուտներում։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 5 տեսակ՝

  • Շուշանբանջար ոսկեզօծ (C. aureum),
  • Շուշանբանջարվարդագույն (C. roseum),
  • Շուշանբանջար խոշորապտուղ (C. macrospermum),
  • Շուշանբանջար սոխուկավոր (C. bulbosum)
  • Շուշանբանջար երկարամազ (C. crinitum)։


Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի և այլ մարզերում։ Աճում է անտառներում, անտառեզրերին, բացատներում, թփուտներում, լեռների խոտածածկ լանջերին։

Նշանակություն

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ։ Արմատների թուրմն օգտագործում են ստամոքսի հիվանդությունների ժամանակ։ Որոշ տեսակների մատղաշ ցողուններից ու արմատներից պատրաստում են աղցան և այլ կերակուրներ, թթու դնում։ Մի քանիսը մոլախոտեր են. աղբոտում են հացահատիկի ցանքերը։ Որոշ տեսակների արմատներն ու մատղաշ ցողուններն ուտելի են։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում