Սիբեխ. ՀՀ Բույսեր

Սիբեխ (լատ.՝ Falcaria), սվեղ, ղազի տոտիկ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4 (այլ տվյալներով՝ 5-6) տեսակ։

Տարածում

Հայտնի է սիբեխի 5 (ԽՍՀՄ-ում՝ 3) տեսակ՝ տարածված Եվրասիայի բարեխառն գոտում և Հյուսիսային Աֆրիկայում։ Հայաստանի կիսաանապատային, անապատային և տափաստանային գոտիների քարքարոտ և չոր լեռնալանջերում աճում սովորական սիբեխ (F․ vulgaris)։ Վերջին տարիներին օշինդրային կիսաանապատների յուրացման հետևանքով Սիբեխի բնական պաշարները Հայաստանում զգալիորեն նվազել են։ Արարատի շրջանի աղի ճահճուտներում հանդիպում է Սիբեխի ևս մեկ տեսակ՝ F․ falcarioides-ը, որը բացառիկ արժեքավոր բույս է և գրանցված է ԽՍՀՄ Կարմիր գրքում։

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Սիբեխ սովորական (F. vulgaris)
  • Ս. սիբեխանման (F. falcarioides)։


Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է բաց, չոր լանջերին, անտառեզրերին, թփուտներում, դաշտերում, աղբոտում ցանքերը։

Երկրորդը հանդիպում է միայն Արարատ քաղաքի (Արարատի մարզ) շրջակայքում և Մեծամոր գետի ափերին (Արմավիրի մարզ)։ Աճում է խոնավ մարգագետիններում, աղի ճահճուտներում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Կենսաբանական նկարագիր

Վերջինս երկամյա, մերկ խոտաբույս է։ Արմատը հաստ է, իլիկաձև, ցողունը՝ 40-60 սմ բարձրությամբ, հիմքից ճյուղավորված։ Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, թխականաչ, բարձրությունը՝ 20-60 սմ։ Տերևները թխակապտավուն են, կաշեկերպ, ստորինները՝ քառմասնյա, փետրաձև հատված խոշոր գծային նշտարաձև մասերի, վերինները՝ փոքր, կազմված ոչ մեծ ծոցից և 3 կամ ավելի մասերի հատված փոքր թիթեղից։ Ծաղկաբույլը հովանոց է։

Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Հովանոցները բազմաթիվ են, բազմաճառագայթ։ Ծաղիկները սպիտակ են, պտուղը երկարավուն է՝ կողքերից սեղմված։ Պտուղը մանր, երկարավուն, թույլ կնճռոտ, կողքերից սեղմված, դեղնադարչնագույն երանգով սերմ է։

Կիրառություն

Մատղաշ տերևները և ընձյուղները օգտագործվում են սննդի մեջ (թարմ և թթու դրած վիճակում)։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում