Եզնակող. ՀՀ Բույսեր
Եզնակող (լատ.՝ Bupleurum), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, ՀՀ- ում՝ 9 տեսակ՝
- Եզնակող կլորատերև (Bupleurum rotundifolium),
- Եզնակող բազմատերև (Bupleurum polyphyllum),
- Եզնակող բարձր (Bupleurum exaltatum) և այլն։
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառի բացատներում, թփուտներում, չոր, քարքարոտ լանջերին և այլն։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևներն ամբողջական են, ամբողջաեզր, տարբեր ձևերի։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ դեղին, կարմրավուն, կանաչավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը կողքերից թեթևակի սեղմված է, նեղ կողերով, հարթ կամ կնճռոտ, գոգավորություններում՝ 1 կամ 3-5 յուղանցքերով։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ածխաջրեր, սապոնիններ, ֆենոլային միացություններ, կումարիններ, ֆլասվոնիդներ և այլն։ Արմատների եփուկն օգտագործում են որպես լեղամուղ, ջերմիջեցնող, վերքերն ապաքինող միջոց։
Տեսակների տարածվածությունը Հայաստանում
- Եզնակող Կոզո-Պոլյանսկին (Bupleurum kosopoljanskyi) բնաշխարհիկ է, հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերի անտառներում ու մացառուտներում,
- Եզնակող սակավաճաճանչը-(Bupleurum pauciradiatum)՝ Տավուշի և Սյունիքի մարզերի անտառների բացատներում և թփուտներում,
- Եզնակող Սոսնովսկուն (Bupleurum sosnowskyi)՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի լեռնատափաստաններում և անտառի բացատներում։
Նշված տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։