Հուդայածառ. ՀՀ Բույսեր
Հուդայածառ, արճվան (լատ.՝ Cercis), բակլազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի և թփերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Բարձրությունը 5-7 մ է։ Տերևները պարզ են, մատնաջիղ, կլորավուն, հիմքում՝ սրտաձև, ծաղիկները՝ երկսեռ, վարդագույն, փնջերով՝ բազմամյա ճյուղերի, նույնիսկ՝ բնի վրա։ Ծաղկում է գարնանը՝ մինչև տերևների բացվելը։։ Պտուղը ունդ է։ Սերմերը հարթ են, կլորավուն։
Հայաստանում
ՀՀ տարածքում (Մեղրու նախալեռնային շրջանում) բնական վիճակում աճում է Գրիֆիթի հուդայածառ (C. Griffithii)։ Ոչ խոշոր թուփ է, բազմանում է սերմերով։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Արհեստական անտառներում, պուրակներում, ճանապարհների եզրերին (Երևան, Արմավիր, Իջևան, Նոյեմբերյան և այլն) կան հուդայածառի խմբակցություններ։ Հայտնի է 7, ՀՀ-ում վայրի վիճակում՝ 1 տեսակ՝
Հուդայածառ Գրիֆիթի (C. griffithii): Հանդիպում է Սյունիքի մարզում (Շվանիձոր և Նյուվադի գյուղերի շրջակայք), աճում է ստորին գոտու (մինչև 700 մ բարձրություններում) չոր, քարքարոտ լանջերին։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Նշանակություն
Հուդայածառը գեղազարդիչ է, օգտագործվում է կանաչապատման նպատակով (Երևանի Ա.Իսահակյանի պուրակ, Կոմիտասի անվան զբոսայգի)։ Բնափայտն արժեքավոր է, սակայն սահմանափակ տարածվածության պատճառով լայն կիրառություն չունի։
Բնափայտն ամուր է, ճկուն, օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Դիմացկուն է վնասատուների և հիվանդությունների հանդեպ։ Գեղազարդիչ է, լայնորեն կիրառվում է կանաչապատման մեջ։