Նռնենի. ՀՀ Բույսեր
Փոքր թուփ է կամ ոչ մեծ ծառ՝ երկարավուն կաշեկերպ տերևներով, ալ կարմիր ծաղիկներով։ Նռնենին վայրի ձևով հանդիպում է Փոքր և Միջին Ասիայում, Անդրկովկասում, Իրանում, Աֆղանստանում։
Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։ Պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։ Ծաղկում է մայիսից մինչև աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին։
Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար։ Տերևները, արմատը և բնի կեղևը պարունակում են մինչև 32% դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են ներկերի ստացման, նուրբ կաշիների դաբաղման համար։ Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ) վիճակում։ Պետք է հավաքել հասուն վիճակում, քանի որ պահելով չի հասունանում։ Նռան հյութը պարունակում է 8-19% շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր հիվանդություններից ապաքինվողների համար, բուժիչ է։