Ալոճենի. ՀՀ Բույսեր
Վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Ալոճենու (լատիներեն անվանումը՝ Crataegus L.) տերևները պարզ են հերթադիր։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն։ Պտուղները մանր են, կարմրաբոսոր, 3-4 սերմերով։ Ցեղի անունը ծագել է հունարեն «Կռատաիոս» բառից, որ նշանակում է ուժեղ։
Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուսաթթու, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, ֆլավոնոիդներ, սորբիդ, ճարպային յուղեր, կարոտին, C վիտամին, դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։
Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն։
Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։ Աղացած պտուղները խառնում են ալյուրին՝ հացին հաճելի համ տալունպատակով։