Բալենի. ՀՀ Բույսեր
Բալենի (լատ.՝ Cerasus), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 150, ՀՀ-ում վայրի վիճակում՝ 3 (4)՝ բալենի մահալեբյան (C. mahaleb), բալենի մանրապտուղ (C. microcarpa), բալենի ալեհեր (C. incana)։
Ձևաբանություն
Բարձրությունը 2-10 մ է։ Տերևները հերթադիր են, ամբողջական էլիպսաձև, աղեղնասղոցաեզր, մուգ կանաչ։ Ծաղկաբույլը հովանոցանման է կամ կարճ ողկուզանման, ծաղիկները՝ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը բաց կամ մուգ կարմիր, մսալի, հյութալի, թթվաշ-քաղցր համով կորիզապտուղ է։
Քիմիական բաղադրություն և կիրառություն
Պարունակում է շաքարներ, սախարոզ, ինոզիտ, օրգանական թթուներ, քիչ քանակությամբ՝ աղաղանյութեր և ներկանյութեր, սերմերը՝ ճարպայուղ, ամիգդալին, եթերայուղ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, դոշաբ, հյութ, գինի և այլն), բժշկության մեջ՝ պտուղը, հյութը, օշարակը։
Տարածվածությունը Հայաստանում
Հանդիպում է Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, չոր քարքարոտ լանջերին, թփուտներում և այլն։ ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակվում է բալենի սովորականը, որոշ վայրերում վայրիանում է։