Սալորենի. ՀՀ Բույսեր

Սալորենի (լատ.՝ Prunus), վարդազգիների ընտանիքի պտղատու կորիզապտղավոր բույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ծառեր են կամ թփեր՝ 3-12 մ բարձրության։ Տերևները պարզ են, էլիպսաձև կամ նշտարաձև, հարթ մակերեսով, ատամնաեզր, հերթադիր։ Ծաղկաբույլերում՝ ծաղիկները սպիտակ կամ վարդագույն, մեկական կամ 5-ական։ Պտուղը մսալի, միասերմ կորիզապտուղ է, ձվաձև կամ կլոր։ Պտուղների զանգվածը 6-100 գ է, դեղին, կանաչ, կարմիր կամ կապտասև՝ երկնագույն մոմային փառով։

Տարածում
Հայտնի է 30 տեսակ։ Հայրենիքը համարվում է Կովկասը, Փոքր Ասիան և Հյուսիսային Իրանը։ Տարածված է Արևմտյան Եվրոպայում, Հնդկաստանում, Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում, Մոլդավիայում, Ուկրաինայում, Կովկասում, Միջին Ասիայում և այլն։ Մշակության մեջ առավել տարածված է սովորական կամ ընտանի սալորենին (Prunus domestica)։

Քիմիական կազմ
Պտուղները պարունակում են (%-ներով)․ շաքարներ՝ 9-20, օրգանական թթուներ՝ 0, 4-1, 4, ազոտային նյութեր, վիտամիներ՝ B1, В2, С, К, РР, կարոտին և հանքային նյութեր։

Մշակում
Պտղաբերում է տնկման 4-րդ տարում։ Դիմանում է մինչև -30 °C ցրտերին։ Բերքատվությունը՝ մեկ ծառից 50-100 կգ կամ 100-150 g/htu։

Կիրառում
Օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում (չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ ևն)։

Սորտեր
Հայաստանում մշակվում է ընտանի սալորենի (դամբուլենի), հյուսիսարևելյան շրջաններում հանդիպում է նաև մամխին։ Հայաստանում մշակվող սալորենու ներմուծված արդյունաբերական սորտերից են Գեղձայինը, Ռենկլոդ կանաչը, Ռենկլոդ Ալտանան, Աննա Շպետը, Ջոենտ պրունը, Վիկտորիան, Հունգարասալորը։ Տեղականներից առավել հայտնի են Վազիրին, Ալբուխարին, Կանաչկենին, Դեղին դամբուլը, Սև դամբուլը։

Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում հայտնի են 3 վայրի տեսակներ՝ փշավոր ու սովորական սալորենիները և մամխին։ Տարածված են Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում են ստորինից մինչև վերին լեռնային գոտու թփուտներում, անտառեզրերին, անտառներում, առաջացնում մացառուտներ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում