Տանձենի. ՀՀ Բույսեր
Տանձենի (լատ.՝ Pýarm), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի պտղատու ծառերի ցեղ։ Հայտնի է 60 տեսակ, Հայաստանում՝ 20։ Մշակության մեջ կա մոտ 5000 սորտ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը ճեղքվածքավոր է, մուգ մոխրագույն, ճյուղերը՝ մոխրագույն, կարմրավուն կամ դեղնավուն, հարթ՝ ոսպահատիկներով պատված, սաղարթը՝ սեղմված բրգաձև, խիտ ճյուղավորվող, բարձրությունը՝ 2-20 մ։ Տերևները ձվաձև են, երկարավուն, կլորավուն, մուգ կանաչ, փայլուն, հարթ, եզրերը՝ մանր ատամնավոր։
Ծաղկաբույլը վահանիկ է, 1 ծաղկաբույլում՝ 5-15 ծաղիկ, ծաղիկները՝ երկսեռ, խոշոր, սպիտակ, երբեմն՝ բաց վարդագույն։
Պտուղը կլորավուն է կամ տանձաձև, տարբեր չափերի (50-800 զ), դեղին կամ կանաչ, երբեմն՝ կարմրավուն երանգով։ Պտղամիսը բարձրորակ է, նուրբ, բուրավետ, զովացնող հաճելի համով։ Սերմերը մանր են, սևավուն։ Երկարակյաց է (ապրում է մինչև 200, Հայաստանում՝ 100-150 տարի)։ Յուրաքանչյուր ծառի բերքատվությունը 30-300 (առանձին դեպքերում՝ 1000) կգ է։
Հայաստանում
- Տանձենի կովկասյան (Pýarm caucasica),
- Տանձենի սուր-սղոցանման (Pýarm oxyprion),
- Տանձենի Թախտաջյանի (Pýarm takhtadzhjanii),
- Տանձենի ուռատերև (Pýarm salicifolia),
- Տանձենի սիրիական (Pýarm syriaca) և այլն։
Տարածումը Հայաստանում
Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Մեծ թիվ են կազմում նաև տանձենու բնաշխարհիկ տեսակները՝
- Տանձենի բարձր (Pýarm elata),
- Տանձենի Զանգեզուրի (Pýarm zangezura),
- Տանձենի խոնարհված (Pýarm nutans),
- Տանձենի խառնված (Pýarm complexa) և այլն. տարածված են հիմնականում Սյունիքի մարզում։ ՀՀ բոլոր մարզերում մշակության մեջ տարածված է
- Տանձենի սովորականը (Pýarm communis)՝
Արարատյան, նախալեռնային, հյուսիս-արևելյան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գյուղատնտեսական գոտիներում (հաճախ առաջացնում են ինքնուրույն միադոմինանտ համակեցություններ՝ տանձուտներ)։
Պատմություն
Տանձենին հնագույն բույս է։ Հնդավորների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը խնձորենուց հետո։ Տանձենու մասին հիշատակել է Ագաթանգեղոսը (5-րդ դար), ավելի ուշ (15-րդ դար) Տանձենու Կարմրենի և Սինի սորտերը նկարագրել է Ամիրղովլաթ Ամասիացին։
Քիմիական կազմ
Տարբեր սորտերի պտուղները միջին հաշվով պարունակում են
- շաքարներ՝ 8-15 %,
- թթուներ՝ 0,1-0,3 %,
- ազոտային նյութեր՝ 0,4 %,
- աղաղանյութեր՝ 0,03 %,
- A, B, C խմբերի վիտամիններ,
- ճարպեր, որոնց մոտ կեսը միաչհագեցած և բազմաչհագեցած ճարպեր են, և չի պարունակում խոլեստերին,
- պարունակում է մոտավորապես հավասար քանակի պղինձ և ցինկ (0,08 մգ և 0,1 մգ` 100 գ հումքի մեջ), 0,17 մգ երկաթ, 4,210 մգ
ասկորբինաթթու ։
Սորտեր
Տանձենու մշակվող շատ տեսակներ պատկանում են Pyrus communis [syn. Pyrus domestica] տեսակներին
- 'Մալաչա'
- 'Սինի'
- 'Ուիլյամս ' - Pyrus communis ‘Williams' Bon Chrétien’
- 'Դյուշես'
- 'Կարմրենի'
- 'Սիբիրյան'
- 'Անտառային գեղեցկուհի'
- 'Ձմեռնուկ'
- 'Բերե Բոսկ'
- 'Բերե Արդանպոն'
- 'Օլիվյե դը Սեր'
- ' Նելիս ձմեռային'
Որոշ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Կուլտուրական սորտերը հիմնականում առաջացել են հետևյալ տեսակներից՝
- տանձ սովորական կամ անտառային (Pýarm communis), որը վայրի վիճակում աճում է Եվրոպայում, Արևմտյան և Միջին Ասիայում,
- տանձ կովկասյան (Pýarm cavcasica),
- տանձ չինական (Pýarm serotina),
- ձյունատանձենի (Pýarm nivalis)։
Նշանակություն և կիրառում
Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (չիր, շաքարաչիր, մուրաբա, կոմպոտ, պովիդլո, զովացուցիչ ըմպելիքներ)։
Տանձենու բնափայտը շատ արժեքավոր է, ժամանակի ընթացքում ստանում է մուգ շագանակագույն սաթի երանգ։ Փայտանյութի, ինչպես նաև տանձենու պտղի մեջ կան «քարային բջիջներ», որոնց թաղանթները բաղկացած են փայտացած բջջանքից։ Տանձենու պտուղներից պատրաստում են կոմպոտ, ջեմ, զանազան քաղցրավենիքներ. Եվրոպայում հայտնի է Շվեյցարիայում պատրաստվող տանձի դոշաբը։
Բժշկության մեջ
Թթու տանձը ամրացնում է օրգանիզմը։ Տանձի չիրը օգտակար է ստամոքսի համար։ Ամուր տանձն օժտված է չորացնող հատկությամբ։ Տանձը քայքայում է երիկամների օքսալատային և ուրատային քարերը։