Տերևատ. ՀՀ Բույսեր
Տերևատ (լատ.՝ Dáphne), գայլահատ, դափնյակ, գոճմակ, գայլախոտ, գոճմակազգիների (Thymelaeaceae), ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ թփերի ցեղ։
Տարածում
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի միջին և վերին լեռնային գոտիներում, ենթալպյան նոսրանտառներում։ Աճում է խոնավ և ստվերոտ վայրերում, քարքարոտ թեքությունների վրա և այլ վայրերում։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը գորշավուն կեղևով է, տերևակոթունների հետքերով ծածկված ճյուղերով, բարձրանում է՝ 50 սմ-ից մինչև 1,5 (2, երբեմն՝ 3) մ։ Տերևները թույլ թավոտ են, հերթադիր կամ հակադիր, մանր, երկարավուն-էլիպսաձև, կաշեկերպ։ Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ողկուզանման, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, վարդագույն կամ դեղին, տհաճ հոտով։ Ծաղկում է մայիս-հուլիսին։
Տեսակներ
Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝
- Տերևատ անդրկովկասյան (D. transcaucasica),
- Տերևատ լերկատերև կամկնձիկավոր (D. glomerata),
- Տերևատ սովորական (անտառային) կամ մահացու (D.mezereum),
- Տերևատ կովկասյան (D. caucasica),
- Տերևատ նեղսրտերև (D. angustifolia)։
Նշանակություն
Պտուղը վառ կարմրավուն, թունավոր, հյութալի կորիզապտուղ («հատապտուղ») է։ Դեղաբույս է, պարունակում է գլիկոզիդներ, ճարպայուղ, շաքար, սապոնիններ, դեղին ներկանյութ և այլն։ Պատրաստուկները (պտղի և կեղևի) օգտագործում են խիթերի, ստամոքսաղիքային և մաշկային որոշ հիվանդությունների, հոդաբորբերի (ռևմատիզմ, պոդագրա), այտուցների ժամանակ։ Գեղազարդիչ է և մեղրատու։