Խնկենի. ՀՀ Բույսեր
Խնկենի (լատ.՝ Pistácia) պիստակենի, խնկածառ, աղտորազգիների ընտանիքի տերևաթափ, հազվադեպ՝ մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։
Տեսակներ
Հայտնի է մոտ 20 (այլ տվյալներով՝ 10), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ խնկենի բթատերև (P. atlantica)։ Հանդիպում է Լոռու, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին, երբեմն՝ միջին լեռն, գոտիներում (1200-1500 մ բարձրություններում)։ Աճում է չոր լեռնալանջերի հարավային քարքարոտ մասերում, գետերի կիրճերում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Կենսաբանական նկարագիր
Բուսաբանական նկարազարդում ըստ «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքի, 1887
Խնկենու բնի բարձրությունը 8-12 մ է։ Տերևները կաշեկերպ են, եռմասնյա կամ փետրաձև։ Ծաղիկները միասեռ են, երկտուն, տերևանութային հուրաններում։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը միասերմ կորիզապտուղ է։
Նշանակություն և կիրառում
Սերմերը պարունակում են մինչև 60% ճարպ (որից ստանում են տեխնկենի յուղ, անասնակեր, քուսպ), ազոտային նյութեր (26%), տերևները՝ 8-20% տանին (օգտագործվում է որպես աղաղանյութ), բնափայտը՝ բուրավետ խեժ (կիրառվում է լաքերի ու ներկերի արտադրության և դեղագործության մեջ, նաև խունկ պատրաստելու համար (այստեղից՝ խնկենի անվանումը)։ Խնկենի ապրում է 400-500 տարի, 2-3 տարին մեկ առատ պտղաբերում է (բերքատվությունը 1 ծառից՝ 5-10 կգ)։ Բնափայտն ամուր է, օգտագործվում է զանազան ատաղձագործ, իրեր ու գործիքներ պատրաստելու համար և որպես վառելափայտ։ Խնկենին լավ պատվաստակալ է մշակովի սորտեր ստանալու համար։ Խնկենին ՀՀ կիսաանապատային գոտու նոսր անտառների չորա- և ցրտադիմացկուն ծառատեսակներից է, որի շնորհիվ այն կարելի է օգտագործել հանրապետության ցածրադիր գոտու չոր, քարքարոտ և անջրդի լանջերն անտառապատելու և կանաչապատելու համար։
Բույսի նկարագրություն
Լուսասեր, ջերմասեր, երաշտադիմացկուն բույս է, կարող է դիմանալ մինչև 200 °C սառնամանիքներին, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Շատ դանդաղ է աճում, սակայն կյանքի տևողությունը մինչև 1000 տարի է։ Կարող է կազմել անտառակներ, որոնք ապաստան են ծառայում որոշ բնաշխարհիկ էնդեմ տեսակների համար։ Առատ մացառներ է տալիս, ունի հողապաշտպան նշանակություն` լանջերի ամրացման համար։
Պիստակենի բթատերևը 8-12 մ բարձրությամբ մշտադալար կամ տերևաթափ ծառ է, երբեմն` մի քանի ոլորված գալարաձև բներով և ճյուղերով։ Ծաղկում է վաղ գարնանը` անչափ գեղեցիկ մուգ վարդագույնով զարդարելով գրեթե գնդաձև սաղարթը։ Խնկենին երկտուն բույս է, տերևներն ավելի ուշ են բացվում, դրանք կազմված են 3,5 կամ 7 բաց կանաչ տերևիկներից, որոնց երկարությունը` 5-20, իսկ լայնությունը` 5-12 սմ է։ Հասունացման շրջանում պտղի գույնը կարող է լինել դեղին, վարդագույն, մուգ կարմիր կամ մանուշակագույն։ Պտղի ներսում գտնվում է կանաչ սերմը, որը պատված է բաց կրեմագույն երկփեղկ փայտանման պատիճով։ Պտուղն ուտելի է։
Քիմիական բաղադրությունը
Պիստակի սերմը հարուստ է ճարպերով` մոտ 14 տոկոս չհագեցած, 18 տոկոս օլեինի և 5 տոկոս լինոլի գլիցերիդներ, 1 տոկոս օմեգա-3 և 2 տոկոս օմեգա-6, յուղեր, և այլն, ընդամենը` 45-60 տոկոս։
Օլեինաթթուն, ֆոսֆորը` մոտ 490 մգ հարյուր գրամ հումքի մեջ, ցինկը` 2,2 մգ, և սպիտակուցները` մոտ 20 տոկոս, կարևոր են շագանակագեղձի հիվանդությունների զարգացումը կանխարգելելու համար։ Հարյուր գրամ հումքի մեջ B1 (0,7-0,9 մգ) և B6 (1,7 մգ) վիտամինների քանակները լրացնում են կերակրող մայրերի համար անհրաժեշտ օրական չափաբաժնի գրեթե կեսը։ Պարունակում է մեծ քանակությամբ կալիում (մոտ 1 գ), նաև մագնիում (120 մգ) և կալցիում (100 մգ)։ Շատ քիչ է նատրիումը (1 մգ), ինչի շնորհիվ ուժեղանում է կալիումի հիպոտենզիվ հատկությունը։
Բժշկության մեջ
Ժամանակակից բժշկությունը մեծ դեր է հատկացնում սննդամթերքի հակաօքսիդանտ հատկություններին։ Բացի ցինկից, A(21 մկգ), C (5,6 մգ), E (2,3 մգ) վիտամիններից, սերմը պարունակում է նաև քոէնզիմ Q-10 (2,1 մգ)։ Այս նյութն ուժեղ հակաօքսիդանտ է։ Պարունակում է նաև մոտ 8 տոկոս շաքարներ, 10 տոկոս բալաստային նյութեր, 2 տոկոս օսլա, 200 մկգ բետա-կարոտին, 160 մկգ B2 և 51 մկգ B9 վիտամիններ, 3,2 մգ երկաթ։ Պիստակի սերմն ունի հակադեպրեսանտ և հակասթրեսային հատկություններ, հակազդում է քրոնիկ հոգնածության առաջացմանը և զարգացմանը։ Տերևները պարունակում են մոտ 7 մգ ասկորբինաթթու։
Արդյունաբերական նշանակություն
Տզերի կենսագործունեության հետևանքով տերևի վրա առաջանում են գալլեր, որոնց մեջ կենտրոնացած է տերևում պարունակվող դաբաղանյութերի 50 տոկոսը։ Գալլերից ստանում են տանին, որն օգտագործում են տեքստիլ արդյունաբերության և կաշվեգործության մեջ։
Յուղն օգտագործվում է օճառի արտադրությունում, խեժից ստանում են գեղարվեստում օգտագործվող լաքեր։ Բույսի բաց մոխրագույն բնից և տարեց ճյուղերից հնագույն ժամանակներից ստացել են բուրումնավետ, դառնահամ խեժը։ Այն ծառայել է որպես խունկ եկեղեցական ծիսական արարողությունների ժամանակ։ Ունի մանրէասպան, վերքամոքիչ հատկություններ։ Խեժը պարունակում է եթերային յուղեր, բարձր է կալցիումի պարունակությունը, օգտակար է օստեոպորոզի դեպքում։ Իտալիայում և այլ երկրներում կիրառում են ստամոքսի քաղցկեղի բուժման ընթացքում։ Նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ չեզոքացնում է Helicobacter pilory մանրէի ազդեցությունը, ինչը թույլ է տալիս բուժել ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցերը։ Բուսախեժն օգտագործվում է այրվածքի և մաշկային հիվանդությունների բուժման համար նախատեսված քսուքներում։ Օգտակար է նաև լյարդին, կարգավորում է խոլեստերինի բաղադրությունը և մակարդակը։