Կեչի. ՀՀ Բույսեր
Կեչի (լատ.՝ Bétula), կեչազգիների ընտանիքի տերևաթափ միատուն ծառ է, երբեմն՝ փռվող թփիկ։ Հայտնի է շուրջ 120 (այլ տվյալներով՝ 140) տեսակ՝ հիմնականում տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն և ցուրտ գոտիներում։ Տեսակների ընդհանուր թիվի մոտ 100 է կամ մի փոքր ավելի շատ։
Կեչին կարևոր տեղ է զբաղեցնում սլավոնական, սկանդինավյան մշակույթում։ ՀՀ-ում հանդիպում է 3 տեսակ (ելունդավոր, թավոտ և Լիտվինովի)՝ վերին լեռնային գոտիներում։ Ամենատարածվածը Լիտվինովի կեչին է, որը Սևանի ավազանում և Մարմարիկի հովտում (1800-2400 մ բարձրություններում) առաջացնում է մերձալպյան անտառներ՝ կեչուտներ:
Կենսաբանական նկարագիր
Կեչի, Բուսաբանական նկարազարդում «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքից, 1887
Ցածրաբուն, հիմնականում սպիտակավուն կեղևով ծառ է, բարձրությունը՝ մինչև 20(երբեմն՝ 30) մ։ Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջական, ատամնաեզր։ Ծաղիկները կատվիկներ են։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղն ընկուզանման է, միասերմ։ Կեչին ապրում է 50-80 տարի։ ՀՀ-ում աճող տեսակները էկոլոգակենսաբանական առումով մոտ են միմյանց. լուսասեր են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ՝ խիստ պահանջկոտ։ Բազմանում է սերմերով ու մացառներով։
Երիտասարդ ծառերի ճյուղերը շագանակագույն են, իսկ երբ ծառը դառնում է 8-10 տարեկան ճերմակում են։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը սպիրակ է, անջատվում է բարակ շերտով։ Ընձյուղները կարմրագորշավուն են։ Տերևները ձվաձև, ռոմբաձև են կամ եռանկյունի ձվաձև, 3,5-7 սմ երկարությամբ և 2,5-5-5 սմ լայնությամբ, սրածայր, կրկնակի ատամնեզր։ Ծաղիկները կատվիկներ են։ Սերմերն ունեն 2 թևեր։ Ծաղկում է ապրիլի վերջերին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։
Կիրառություն
Բնափայտն սպիտակ է, կիրառվում է նրբատախտակի, մանրատախտակի, ծանր իրերի արտադրության մեջ։ Գեղազարդիչ է։ Կեչու պտուղը պարունակում է աղաղանյութեր, եթերայուղեր, ճարպեր,C վիտամին։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես լեղամուղ, ճիճվամուղ, վերքերն ապաքինող միջոց։ Կեչիների մեծ մասի կեղևը պարունակում է սպիտակ օրգանական պիգմենտ՝ տրիտերպենոիդ բետուլին։ Հայաստանի տարածքում հանդիպող Թավոտ կեչու (Betula pubescens) կեղևում բետուլինը կազմում է 44 %։ Բողբոջները պարունակում են մոտ 3—5 % եթերային յուղեր, ինչպես նաև խեժանյութեր, ալկալոիդներ, ասկորբինային թթու, ֆլավոնիդներ և ճարպաթթուներ։ Տերևներում կան եթերային յուղեր, կումարիններ, դաբաղանյութեր, ֆլավոնիդներ։
Վեգետացիայի շրջանի վերջում կեչիները կուտակում են շաքարանյութեր։ Գարնանը, մինչև տերևների բացվելը, երբ սկսվում է հեղուկի շարժը ծառի մեջ, շաքարանյութերը սկսում են բարձրանալ դեպի վեր։ Եթե այդ ընթացքում բնի վրա անել կտրվածքներ, ապա հյութը կհոսի դուրս։ Կեչու հյութի հավաքելը հյուծում է ծառը, ինչպես նաև ճեղքերից կարող են ներթափանցել հիվանդածին միկրոօրգանիզմներ և ախտահարել ծառը։ Հյութը հավաքելուց հետո պետք է ծառի վրայի ճեղքերը փակել կավով։
Տարածում և էկոլոգիական վիճակ
Կեչուտները ձևավորում են յուրահատուկ էկոհամակարգ։ Տարբեր թրթուռներ և բզեզներ, այդ թվում նաև Եվրոպայի ամենամեծ բզեզը՝ եղջերուն, նախընտրում են հենց կեչու ծառը։ Կեչու տերևներով են սնվում նաև մայիսյան բզեզները, որոնց քանակության աճը կարող է վնասել կեչու պոպուլյացիային։ Սնկերի որոշ տեսակներ աճում են միայն կեչուտներում (Leccinum scabrum), (Leccinum holopus), (Lactarius necator), (Lactarius torminosus)։ Վնասված կեչիները կարող են ախտահարվել մակաբույծ սնկերով (Inonotus obliquus)։