Դժնիկ. ՀՀ Բույսեր
Դժնիկ (լատ.՝ Rhamnus), եղջերափուշ, դժնիկազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։
Հայտնի է մոտ 140 (այլ տվյալներով՝ 110), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝
- լուծողական դժնիկ (Rhamnus cathartica),
- պալասի դժնիկ (Rhamnus pallasii),
- մանրապտուղ դժնիկ (Լ. microcarpa)
- թիատերև դժնիկ (Rhamnus spathulifolia)։
Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերին։
Տարածում
Տարածված է Կովկասում, Իրանում, Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է անտառային բոլոր գոտիներում, հիմնականում արիդային տարածաշրյաներում՝ մինչև 1500-1600 մ բարձրությունների վրա։ Հանդիպում է նաև Սևանի ավազանում՝ 2000 մ բարձրության վրա։
Արտաքին տեսք
Ցողունը բարձրությունը մինչև 8 մ է։ Տերևները խոշոր են, հերթադիր կամ հակադիր, ամբողջական։ Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, մեկական՝ խմբերում կամ ողկույզներով։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սև, հյութալի կորիզապտուղ է, ուտելի չէ, պարունակում է ներկանյութեր, կեղևը՝ աղաղանյութեր, տերևները՝ վիտամին C։ Պտուղների, կեղևի եփուկը, թուրմը, մզվածքը օգտագործում են որպես լուծողական։ Բնափայտն ամուր է, օգտագործում են ատաղձագործություն մեջ։ Մեղրատու է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։
Մշակում
Հանրապետության մշակության պայմաններում աճեցվում է նաև Դ. Իմերեթյանը - (R. Imeretina Booth), որն ի տարբերություն Հայաստանում աճող աբորիգեն տեսակների, համեմատաբար մեզոֆիլ է, բարձր գեղազարդ և պիտանի կանաչապատման մեջ լայնորոն օգտագործելու համար։